Մատչելիության հղումներ

Փոստանջյանը խախտումներ է նկատել Ռուսաստանում


«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան

«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, ով Եվրոպայի խորհրդի դիտորդական առաքելության կազմում դեկտեմբերի 1-5-ը Մոսկվայում հետեւել է ռուսաստանյան խորհրդարանական ընտրությունների ընթացքին, համոզմունք հայտնեց, թե այդ ընտրություններն անցել են բազմաթիվ խախտումներով, որոնք «ազդել են արդյունքների վրա»:

Պատգամավորը ընտրությունների օրը` դեկտեմբերի 4-ին, Մոսկվայում վաղ առավոտվանից մինչեւ քվեաթերթիկների հաշվարկի ավարտը եղել է մոտ 20 ընտրատեղամասերում:

«Կարելի է ասել քվեարկությունները տեղի էին ունենում բաց, խմբով կարող էին գալ եւ քվեարկել: Եվ ամենահետաքրքիրը այն պահն էր, երբ արդեն հաշվում էին քվեաթերթիկները: Ընտրական օրենսդրությամբ նախատեսված է, որ առաջինը պետք է մարվեն բոլոր այն քվեաթերթիկները, որոնք չեն քվեարկվել: Մինչդեռ դա տեղի չունեցավ, սկսվեց քվեատուփերի բացելը եւ հաշվարկը», - ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Փոստանջյանը:

«Երբ արդեն քվեաթերթիկները դրվեցին սեղանի վրա, «Եդինայա Ռոսիա»-ն այդ տարածքում ստացել էր 600-ից ավելի ձայն: Այդ քվեաթերթիկները փաթաթված էին միմյանց մեջ, եւ բոլորը քվեարկած էին «Եդինայա Ռոսիա»-ի օգտին: Մոտ 300 քվեաթերթիկ 600-ից այդպիսի քվեաթերթիկներ էին: Հանձնաժողովի անդամները հասկացան, որ մենք նկատել ենք, թե դա ինչ է, ասացին` ընտանիքներով եկել են, քվեարկել են, մեզ մոտ դա ընդունված է», - շարունակեց Փոստանջյանը:

Հիշեցնենք` Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն, ընտրությունների արդյունքում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների գրեթե կեսը` 49.3 տոկոս: Ռուսաստանյան ընդդիմությունը պնդում է, որ ընտրությունների արդյունքները կեղծվել են, իսկ Ռուսաստանի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաները են ընթանում:

«Այդ բոլոր ընտրատարածքներում, որտեղ մենք եղանք, միայն մեկ ընտրատարածքում լրատվամիջոցի ներկայացուցիչ կար, այն էլ ինձ համար շատ անծանոթ թերթից էր այդ լրագրողը: Հասարականան կազմակերպությունների ներկայացուցիչներ` որպես դիտորդներ, բոլոր ընտրատեղամասերում, որտեղ ես եմ եղել, 20-ից ավելի չեմ տեսել: Այդ 20 ընտրատեղամասերում որպես դիտորդ կամ վստահված անձ էին ներգրավված հիմնականում «Եդինայա Ռոսիա»-ի, «Սպավեդլիվայա Ռոսիա»-ի եւ Կոմունիստական կուսակցության ներկայացուցչները: Դիտորդները բավականին պասիվ դերակատարություն ունեին` մի կողմ քաշված, հեռու նստած էին, եւ հեռվից կարող էին նույնիսկ չտեսնել, թե որ քվեաթերթիկը ում է օգտին է», - ասաց Փոստանջյանը:

Ընդդիմադիր պատգամավորն անդրադարձավ նաեւ ռուսաստանյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներին Հայաստանի իշխանությունների արձագանքին: Ինչպես հայտնի է, նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւին եւ վարչապետ Վլադիմիր Պուտինին` ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակի կապակցությամբ: Պուտինի այդ առնչությամբ շնորհավորել է նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Դե քանի որ մեր իշխանություններն էլ օրինական ճանապարհով ընտրված իշխանություններ չեն, իրենց մոտ համերաշխություն է այդ դաշտում, անօրինական կողմը շնորհավորում է մեկ այլ անօրինական կողմին», - ասաց պատգամավորը:

ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում ռուսաստանյան խորհրդարանական ընտրություններին հետեւած Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես արձագանքեց Զարուհի Փոստանջյանի խոսքերին. - «Ես կզարմանայի, եթե տիկին Փոստանջյանը ուրիշ տեսակետ արտահայտեր, որովհետեւ մշտապես հայտնում է նման կարգի տեսակետներ: Դա իր իրավունքն է, ես հարգում եմ տեսակետ արտահայտելու նրա իրավունքը, սակայն չեմ կիսում այն»:

Դավթյանը չհամձայնեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ Փոստանջյանի գնահատականների հետ, սակայն, ասաց, թե ինքը կարող է խոսել Մոսկվայի այն ընտրատեղամասերի վերաբերյալ, ուր ինքն անձամբ է եղել ընտրությունների օրը:

«Այն 12 ընտրատեղամասերում, որտեղ մենք եղել ենք, որեւիցե էական խախտում մենք չենք նկատել, որոնք կարող էին ազդել ընտրությունների ընթացքի վրա: Կային տեխնիկական որոշակի խնդիրներ` քվեախցիկների հետ կապված: Դժվար է ասել, որ 100 տոկոսով գաղտնիությունն ապահովում էր այդ տիպի քվեախցիկներով ընտրություններ անցկացնելը», - ասաց Դավթյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG