Մատչելիության հղումներ

Մեդվեդեւ. «Ընտրությունները լավ էին կազմակերպվել»


Չեխիա - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պրահայում կայացած ասուլիսի ժամանակ, 8-ը դեկտեմբերի, 2011թ.

Չեխիա - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Պրահայում կայացած ասուլիսի ժամանակ, 8-ը դեկտեմբերի, 2011թ.

Հնարավոր է` դեկտեմբերի 4-ին անցկացված Պետդումայի ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են, քանի որ ընտրական մեխանիզմը իդեալական չէ, սակայն ընտրությունների արդյունքները հիմնականում համապատասխանում են հասարակության տրամադրություններին։ Այդ մասին հինգշաբթի օրը Պրահայում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

«Հարցերը, որ հնչում են ընտրությունների արդյունքների վերաբերյալ, նույնպես գոյության իրավունք ունեն, ինչպես եւ ընտրությունների ընթացքում խախտումների մասին հարցերը։ Դրանք բոլորը պետք է մանրազնին հետաքննվեն` դրա համար գոյություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դրա համար գոյություն ունի դատարան, հետաքննության ոչ մի այլ գործընթաց նախատեսված չէ: Այնպես որ, դա պետք է հասկանան բոլոր նրանք, ովքեր խոսում են խախտումների մասին եւ փաստեր են բերում», - Չեխիայի մայրաքաղաքում կայացած ասուլիսի ընթացքում ասել է Մեդվեդեւը` հավելելով, որ վիդեո եւ ֆոտո նյութերի մասին դատողություններ պետք է անեն ոչ թե սովորական քաղաքացիները, այլ փորձագետները։

«Ինչ վերաբերում է վերջնական արդյունքներին, ապա, կարծում եմ, դրանք պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնի։ Ես միայն կարող եմ իմ կարծիքն արտահայտել. կարծում եմ, որ արդյունքները ամբողջովին համապատասխանում են ռուսաստանյան հասարակության քաղաքական կողմնորոշման ներկա վիճակին», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Անդրադառնալով ընտրություններից հետո կազմակերպող հանրահավաքներին, բողոքի ցույցերին` Մեդվեդեւն ասել է. - «Կան մարդիկ, ովքեր իրոք հիասթափված են, կան մարդիկ, որ ապակողմնորոշված են, ես այդտեղ ոչ մի գերբնական բան չեմ տեսնում, նույնիսկ` հանրահավաքներում. դրանք ժողովրդավարության արտահայտությունն են, սակայն բոլոր ցույցերը պետք է անցկացվեն հատուկ դրա համար առանձնացված վայրերում եւ օրենքին համապատասխան»։

Նշելով, որ իշանությունների համապատասխան պահանջները խախտելը հանգեցնում է տարբեր միջադեպերի, ինչը լավ չէ, Ռուսաստանի նախագահը հավելել է. - «Սակայն կարծում եմ, որ մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց կարծիքը արտահայտել, եթե նրանք ցանկանում են արտահայտվել ընտրությունների վերաբերյալ` դա ... դա նորմալ է»։

Նշելով, թե իրենց գործընկերներից տարբեր գնահատականներ են լսել` թե՛ կոռեկտ եւ թե՛ կանխակալ, Մեդվեդեւը, միաժամանակ, զգուշացրել է` իրենց ցուցումներ չտալ. - «Բայց, գիտեք ինչ, հարգելի գործընկերներ, վերջապես դա Ռուսաստանի գործն է եւ որոշումներ ընդունողների գործը` թե ինչ կանոններ են գործում»:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ թեեւ ընտրությունների վերաբերյալ շատ տարբեր տեսակետներ են հնչում` այնուամենայնիվ, ընդհանուր կարծիքը այն է, որ որ ընտրությունները լավ էին կազմակերպվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG