Մատչելիության հղումներ

Տոնական միջոցառումները Երեւանում կմեկնարկեն դեկտեմբերի 20-ին: Այդ երեկո քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կվառի Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը, իսկ Ազգային պատկերասրահի շենքի վրա Ամանորի թեմայով եռաչափ 3D շոու կցուցադրվի:

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կունենան տոնածառեր, որոնց մի մասը այլընտրանքային լուսային եղեւնիներ կլինեն:

Գլխավոր եղեւնին, որ արդեն կանգնած է Հանրապետության հրապարակում, 31 մետր բարձրություն ունի, ինչպես անցած տարի էր: Մոտ 6 հազար ճյուղերից հավաքված տոնածառը կզարդարեն 4 հազարից ավելի խաղալիքներ:

«Ճյուղերը, ինչպես եւ անցյալ տարի, սանիտարական էտման արդյունքում բերվել են հանրապետության տարբեր մարզերից: Տոնածառը լուսային էֆեկտներով ավելի է հարստանալու, քան անցյալ տարի է եղել, այսինքն օգտագործվում են նույն լույսերը, բայց դրանց նորերն են ավելանալու, բացի այդ լուսային էֆեկտները տարբեր կլինեն», - ասաց քաղաքապետարանի Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը:

Այս Ամանորին, նախորդի համեմատ, առնվազն կիսով չափ կավելանա քաղաքի տոնական լուսավորությունը. լուսային էֆեկտները Երեւանի մոտ չորս տասնյակ փողոցներ կզարդարեն: Հյուսիսային պողոտայում մոտ մեկ ամիս կգործի ամանորյա տոնաճավառ` Նոր տարվա հուշանվերներ, խաղալիքներ: Թե որքան կարժենա Երեւանի տոնական տեսքը, քաղաքապետարանում, այսօր դժվարացան ասել, սակայն հատկանշական է, որ քաղաքապետարանը մտադիր է բյուջեից գումար չծախսել այս ամենի համար:

«Մենք ոչ մեկին չենք պարտադրելու գումարներ ծախսել այս Ամանորի կազմակերպման համար, դա մեր պարտականությունն է, բոլորս հասկանում ենք, բայց մենք կազմակերպությունների համար լայն դաշտ ենք ստեղծել իրենց արտադրանքը գովազդելու համար: Դրա համար նրանք ծախսում են գումարներ, մենք այդ գումարները ուղղելու ենք քաղաքը էլ ավելի գեղեցկացնելուն: Այդ միջոցները գոյանալու են հիմնականում գործընկեր կազմակերպությունների միջոցներից», - ասաց Բաղդասարյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը անդրադարձավ Հանրապետության հրապարակում տոնական օրերին մի քանի տասնյակի հասնող Ձմեռ պապերին ու Ձյունանուշերին, որոնցից տարիներ շարունակ դժգոհում են ծնողները: Արազ Բաղդասարյանն ասաց, որ քաղաքապետից հրահանգ ունեն այս տարի ավելի խիստ լինել, իր ձեւակերպամբ, «անօրինական» Ձմեռ պապերի մուտքը Հանրապետության հրապարակ արգելելու համար :

«Ձմեռ պապը բոլոր երեխաների համար սիմվոլ է, որը պետք է վեհ եւ շատ բարձր արժեք ունենա, իսկ անօրինական Ձմեռ պապերը, որոնք գալիս են այդ միջոցառումների ժամանակ, երբեմն նույնիսկ խաթարում են այդ երեխաների երազանքը, որովհետեւ թե' գինովցած լինելով, թե' ոչ պատշաճ տեսք ունենալով, կարծես թե փոխում են երեխաների պատկերացումը Ամանորի եւ Ձմեռ պապի հրաշքի մասին», - ասաց Բաղդասարյանը:

Քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետ Կամո Մովսիսյանն էլ տեղեկացրեց, որ քաղաքապետարանում այժմ հայտեր են ընդունում Ձմեռ պապերից: Նա վստահեցրեց, որ արտոնագիր տալուց առաջ ստուգելու են, թե Ձմեռ պապն ինչ փորձ կամ ինչ հագուստներ ունի:

«Մեր բնակիչներին եմ կոչ անում, որ երեխաներին ոչ թե մոտեցնեն, այլ շրջանցեն նման ոչ հիգիենիկ Ձմեռ պապերին, քանի որ եթե կա պահանջարկը, բնականաբար, այդ Ձմեռ պապերին դժվար կլինի այդտեղից հանել: Եթե մի տեղից հանում ես, մյուս տեղից են մտնում», - ասաց Մովսիսյանը:

Ի դեպ, երեւանցիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ արդեն հաշտվել են այդ իրողության հետ, ստիպված ընդունում են Ձմեռ պապիկի վճարովի նվերները, կամ միասին նկարվելու առաջարկը, որը եւս անվճար չէ, քանի որ չեն ուզում երեխաների տրամադրությունն ընկնի:

Քաղաքապետարանի պաշտոնյաները այսօր վստահեցրին, որ եթե տոնական օրերին ձյուն տեղա, միեւնույն է որեւէ խցանում, չմաքրված փողոց չի լինի, կգործի շուրջօրյա հերթապահությունը:

Բնական եղեւնիների բացօթյա վաճառքի համար քաղաքապետարանը 37 տեղ է տրամադրել տարբեր վարչական շրջաններում: Վաճառքում կլինեն թե տեղական, թե արտասահմանից ներկրված եղեւնիներ, սակայն դրանց օրինական հատված լինելու վերաբերյալ վերհսկողությունը, ինչպես քաղաքապետարանի պաշտոնյաներն ասացին, իրենց գործառույթը չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG