Մատչելիության հղումներ

Դաշնակցության հարցապնդումը մերժվեց


Դաշնակցության հարցապնդմանը դեմ քվեարկեց 48 պատգամավոր, ձեռնպահ` 4-ը եւ կողմ` 13-ը: Ի դեպ, վերջին թվի կապակցությամբ ուղղակի նշենք, որ Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության անդամների թիվը 16-ն է:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ) քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, ասաց, թե խորհրդարանի քվեարկությամբ հարցը չի փակվում:

Դաշնակցականների համոզմամբ, կառավարությունը չի կատարել դեռ 2008 թվականի հուլիսին իր իսկ կողմից հաստատված «ՀՀ կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը» ու հետեւաբար գերազանցել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները, որովհետեւ ծրագիրը կա´մ պետք է կատարվեր, կա´մ այն պետք է փոխեր Ազգային ժողովը: Սակայն ո´չ մեկը, ո´չ մյուսը տեղի չի ուցել: Ուստի, ՀՅԴ-ն ձգտելու է հավաքել Ազգային ժողովի պատգամավորների առնվազն 1/5-րդի կամ 27 պատգամավորի ստորագրությունը, որպեսզի հարցը քննի Սահմանադրական դատարանը:

Սակայն, ինչպես ասացինք, խորհրդարանում ՀՅԴ-ն ունի 16 պատգամավոր, 7 պատգամավոր ունի «Ժառանգություն»-ը: Հարկավոր է եւս 4 պատգամավորի ստորագրություն:

Ռուստամյանն ասաց, թե դիմելու են իշխող քաղաքական կոալիցիային մաս կազմող կուսակցություններին, որպեսզի նրանց պատգամավորներից միանան Սահմանադրական դատարան ուղղված Դաշնակցության դիմումին:

Հարց հնչեց, թե ՀՅԴ-ում ինչո՞ւ են կարծում, որ, օրինակ, Հանրապետական կուսակցությունում կցանկանան միանալ Դաշնակցությանը, որպեսզի ՍԴ-ն քննի, թե արդյոք նույն Հանրապետականի ձեւավորած կառավարությունը գերազանցե՞լ է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

«Դիմումը մենք պատրաստելու ենք, ներկայացնելու ենք նաեւ իրենց եւ ակնկալելու ենք, որպեսզի իրենք մեզ չբավարարող այդ մի քանի ստորագրությունները տան, որպեսզի այդ խնդիրը տեղափոխվի Սահմանադրական դատարան: Սա շատ հստակ է: Եթե դա տեղի չունեցավ, ուրեմն իրենք իսկապես ընդունում են, որ Սահմանադրական դատարանը, այո, կարող էր մեր գնահատականները ճիշտ համարել եւ խուսափում են, որպեսզի խնդիրը մտնի Սահմանադրական դատարան: Ուրեմն մեր փաստարկները ճիշտ են», - փաստարկեց Ռուստամյանը:

Նա ավելացրեց, թե իրենք կդիմեն նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, քանի որ նա էլ իրավուքն ունի հարցը բարձրացնել ՍԴ-ում:

Նշենք, որ օրեր առաջ Դաշնակցությունը կողմ քվեարկեց, որպեսզի Ազգային ժողովի նոր նախագահ եւ փոխնախագահ ընտրվեն հանրապետականներ Սամվել Նիկոյանն ու Էդուարդ Շարմազանովը` ընդ որում, նշված պաշտոնների համար չաջակցելով «Ժառանգության» թեկնածուներ Լարիսա Ալավերդյանին եւ Արմեն Մարտիրոսյանին: Սակայն այժմ, ինչպես ասացինք, ՀՅԴ-ն պահանջում է, որ անվստահություն հայտնվի նույն Հանրապետական կուսակցության ձևավորած կառավարությանը:

Ահա թե այս կապակցությամբ Արմեն Ռուստամյանն ինչ ասաց. - «Այս ընտրությունը, որ կայացավ, ամենաանկարեւոր ընտրությունն էր մեր ամբողջ ընտրական գործընթացների մեջ… Եթե մեկը կասի, որ դրանից ինչ-որ մի լուրջ բան էր կախված, ես կասեմ` այո, Դանակցության դիրքորոշումը` քաղաքական նշանակություն չտալ այս ընտրությանը, ճիշտ չէր… Որովհետեւ իսկապես այս ընտրությունը ոչինչ չի փոխել, եւ չէր էլ կարող փոխել»:

Թե ինչու չեն պաշտպանել «Ժառանգության» թեկնածուներին` Ռուստանյանն ասաց, - «Ինչ վերաբերում է տիկին Լարիսային, թող տիկին Լարիսան հիշի, թե ինչ էր ասում: Ո՞վ էր նրան ստիպում, որպեսզի նա անդրադառնար Դաշնակցության եւ Գարեգին Նժդեյի միջեւ իբրեւ թե եղած տարաձայնություններին… Ես այդպիսի բաներ լսել եմ միայն բոլշեւիկներից»:

Այսօր խորհրդարանում «Ժառանգություն»-ը կողմ քվեարկեց ՀՅԴ նախաձեռնությանը:

Դիտարկմանը, թե Դաշնակցությունը չպաշտպանեց Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը ԱԺ նախագահի պաշտոնում, Արմեն Մարտիրոսյանը արձագանքեց. - «Եվ ոչ միայն Լարիսա Ալավերդյանի, նաեւ իմ թեկնածությանը: Ես չեմ կարծում, որ այստեղ մենք պետք է ինչ-որ նոր հեծանիվ հորինենք: Իրենք նպատակահարմար են գտել իշխանական թեկնածուի օգտին քվեարկել»:

Հարցին, թե Հանրապետականից կլինեն արդյոք մարդիկ, ովքեր կհամաձայնվեն իրենց ստորագրությունը դնել ՍԴ ուղղված Դաշնակցության դիմումի տակ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. - «Մենք մեր կարծիքը արտահայտում ենք քվեարկությամբ, իսկ քվեարկությանը մենք դեմ ենք քվեարկելու եւ դեմ էլ քվեարկեցինք»:
please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG