Մատչելիության հղումներ

logo-print

ԿԽՄԿ-ն չի հաստատում Ադրբեջանում ավելի շատ հայ գերիներ լինելու մասին տեղեկությունը


Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆի

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆի

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Հայաստանի պատվիրակության ղեկավար Լորենցո Կարաֆին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով գերեվարված ու անհայտ կորած մարդկանց խնդիրներին, նշում է, որ Ադրբեջանում իրենց կազմակերպության տվյալներով, այժմ կա ութ հայ գերի` երեք զինծառայող եւ հինգ հոգանոց մեկ ընտանիք:

Կարաֆին չհաստատեց վերջերս Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանի հնչեցրած տեսակետը, թե Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն ու ներկալված (գերի ընկած, տերմինը օգտագործվում է քաղաքացիական անձնանց համար) քաղաքացիական անձինք ավելի շատ են, քան ներկայացնում է պաշտոնական Բաքուն: Նա հավելել էր, թե հայկական կողմն ունի Ադրբեջանում պահվող մի քանի տասնյակ հայերի մասին տեղեկատվություն եւ աշխատում է այդ ուղղությամբ:

«Մենք չենք կարող ոչինչ ասել եւ վերահաստատել Կապրիելյանի ասածը: Բայց հիշեցնենք, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի` Ժնեւյան երրորդ կոնվենցիայի, հակամարտության մեջ գտնվող կողմերը պարտավորություն ունեն միմյանց տեղեկացնելու գերիների ու ներկալված քաղաքացիական անձանց մասին: Եվ երբ նման տեղեկությունը ստացվում է այս կամ այն կողմից, այդ անձինք վերադարձվում են իրենց երկրները: Մենք այդ դեպքում գործում ենք որպես չեզոք միջնորդ, իսկ միմյանց տեղեկացնելու պատասխանատվությունը պատկանում է կողմերին», - ասաց Կարաֆին:

Հայաստանում պահվող վերջին ադրբեջանից գերին երրորդ երկիր տեղափոխվեց այս տարվա սեպտեմբերի վերջին: Նա հրաժարվել էր տեղափոխվել Ադրբեջան:

ԿԽՄԿ-ի Հայաստանի պատվիրակության ղեկավարը նշում է, որ երբ հնարավոր է լինում, իրենք հիշեցնում են հակամարտող կողմերին իրենց պարտականությունների մասին, որոնք վերաբերում են ռազմագերիներին ու ներկալված քաղաքացիական անձանց, եւ դա միշտ լինում է գաղտնապահության հիմունքներով տարվող երկխոսություն:

Հարցին, թե այն պարագայում, երբ Ադրբեջանը Հայաստանում այլեւս գերի չունի, իսկ Հայաստանի ութ քաղաքացիներ շարունակվում են պահվել ադրբեջանական իշխանությունների կողմից, ինչպե՞ս է հնարավոր շահագրգռել այդ երկրին` հայ գերիներին Հայաստան վերադարձնելու համար, Կարաֆին հիշատակեց երկու երկրների ղեկավարների հանդիպումները: Նա նշեց, որ ԿԽՄԿ-ն քաղաքական վեճերի մեջ չի մտնում հակամարտող կողմերի հետ եւ միայն գործում է ի նպաստ պատերազմից տուժածների:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների 2010 թվականի Աստրախանի ու այս տարվա Սոչիի հանդիպումներին հաջորդեցին գերիների փոխանակությունը:

«Մենք վերահաստատում ենք մեր դերակատարությունը հակամարտող երկրների գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների միջեւ հաղորդակցության պահպանման ուղղությամբ: Որպես չեզոք միջնորդ` վերահաստատում ենք, որ աշխատում ենք ու ցանկանում ենք, որ այդ հաղորդակցումը լինի կանոնավոր», - հավելում է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավարը:

Նա նշում է, որ իրենց կազմակերպության ներկայացուցիչները պարբերաբար այցելում են Ադրբեջանում պահվող գերիներին, ծանոթանում նրանց պահման պայմաններին, ինչպես նաեւ նրանց հարցնում, թե արդյո՞ք ուզում են վերադառնալ իրենց երկիր:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե հայ գերիները ուզո՞ւմ են վերադառնալ Հայաստան, Կարաֆին պատասխանեց, թե սա հենց այն հարցն է, որ քննարկվում է հակամարտող կողմերի հետ գաղտնապահության սկզբունքով:

«Մամուլում եղել են հրապարակումներ, որոնք խոսել են այդ անձանց` երրորդ երկիր տեղափոխվելու ցանկության մասին, բայց այս թեման եւս համարվում է գաղտնիք, ուստի ոչինչ հաստատել չեմ կարող», - ասաց նա:

Կարաֆին նաեւ տեղեկացրեց, որ ԿԽՄԿ-ն 2012 թվականից սկսելու է անհայտ կորածների ազգականներից հավաքագրել արյան հետազոտության տվյալներ, որպեսզի հետագայում հնարավոր լինի հաստատել դիակների ինքնությունն ու վերադարձնել ընտանիքներին: ԿԽՄԿ-ի տվյալներով` ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների թիվը հասնում է 4600-ի, որից ավելի քան 3000-ը ադրբեջանցի անհետ կորածներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG