Մատչելիության հղումներ

Կառավարությունն այսօր որոշեց բացառիկ գերակա հանրային շահ ճանաչել Տավուշի մարզի Բագրատաշենի, Շիրակի մարզի Բավրայի եւ Լոռու մարզի Ձորամուտի (գյուղ Գոգավան) գյուղական համայնքների, քաղաքացիների եւ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ եւ փոխել նշված տարածքների հողերի կատեգորիան:

Ինչպես գործադիրի նիստում պարզաբանեց Պետեկամուտների կոմիտե նախագահ Գագիկ Խաչատրյանը, կառավարության այդ որոշումը բխում է սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2011-15 թվականների միջոցառումների ծրագրից:

Խաչատրյանը խնդրեց գործադիրից այս տարվա բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 305 միլիոն 355 հազար դրամ: Հատկացվող գումարը, ըստ ՊԵԿ-ի նախագահի, բախշվելու է հետեւյալ կերպ. - «Անշարժ գույքի օտարման դիմաց սեփականատերերին վճարվող փոխհատուցման համար, նոտարական վավերացումների համար գանձվող պետական տուրքի, նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու, ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գույքի նկատմամբ պետական իրավունքի գրանցման համար պետական տուրքի գծով ծախսերը ապահովելու նպատակով»:

Կառավարության որոշման հետ կապված Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը առաջարկեց հստակեցնել տարածքների քարտեզը:

Մի հավելում էլ արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը. - «12-14-ը Եվրոպայի ներդրումային բանկի պատվիրակությունն է գտնվելու Հայաստանում եւ մենք պետք է քննարկենք, ինչպես նաեւ Եվրոպայի վերակառուցման եւ զարգացման բանկի հետ, վարկավորման խնդիրը, որպեսզի շինարարական աշխատանքները հաջորդ տարվա առաջին եռամսյակում կարողանանք սկսել»:

Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվելիք 305 միլիոն 355 հազար դրամից անշարժ գույքի, տարածքի օտարման դիմաց սեփականատերերին նախատեսվում է վճարել ընդհանուր առմամբ 303 միլիոն 524 հազար դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG