Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը «ակտիվ քաղաքական զանգվածային միջոցառումներ կսկսի»


ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյան

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյան

Առաջիկա փետրվար-մարտ ամիսներին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) սկսելու է ակտիվ քաղաքական զանգվածային միջոցառումներ` խնդիր ունենալով հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ իշխանափոխությանը: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսին հայտարարեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը:

«Եվ արդեն քաղաքական խնդիրները լուծած մենք պետք է գնանք արտահերթ կամ հերթական ընտրություններին: Անկախ ամեն ինչից ես որեւէ կասկած չունեմ, որ Հայաստանում իրավիճակ է փոխվելու, արդեն փոխված է: Հայաստանում այսօր բարդ քաղաքական իրավիճակ է, բայց կասկած չունեմ, որ մոտ ապագայում` հենց այդ իմ ասած ամիսներին, էական փոփոխություններ են լինելու», - ասաց Շահնազարյանը:

Շահնազարյանը անդրադառձավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցելու հնարավորության մասին ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությանը: Ըստ ՀԱԿ-ի ներկայացուցչի` բազմաթիվ հարցեր է առաջացնում այն, որ մամուլը, փորձագետներն ու որոշ քաղաքական գործիչներ փորձեցին քաղաքագիտական վերլուծությունն անմիջապես կիրառել իրական քաղաքականության մեջ, մինչդեռ դա ընդամենը վարկած էր, իսկ դրա առնչությամբ ԲՀԿ-ից որեւէ արձագանք ի սկզբանե չի էլ ակնկալվել:

«ԲՀԿ-ն ինքն իր համար պետք է ճշտի եւ պատասխանի որոշ հարցերի», - ասաց Շահնազարյանը` թվարկելով հարցերից մի քանիսը. - «Արդյո՞ք ի վիճակի է ԲՀԿ-ն ձերբազատվել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունից կամ ձերբազատվա՞ծ է, թե` ոչ: Արդյո՞ք ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որը ի վիճակի է հանդես գալ որպես ընդդիմադիր, որ Հայաստանի ապագան պատկերացնում է միմիայն Հայաստանում օրինական իշխանություն ձեւավորելու միջոցով: Պատրաստ է արդյո՞ք ԲՀԿ-ն տալ 2008-ի նախագահական ընտրությունների քաղաքական գնահատականը»:

Դավիթ Շահնազարյանը նաեւ հավելեց, թե խիստ կասկածում է, որ ԲՀԿ-ն պատրաստ է տալ այս հարցերի պատասխանները:

«Ազատություն» ռադիոկայանի հիշեցմանը, թե ՀԱԿ-ի շարքերում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերլուծության հանդեպ արձագանքը միանշանակ չէր, եւ որ եղան նաեւ անհամաձայնություն պարունակող հայտարարություններ, Շահնազարյանը պատասխանեց. - «Կոնգրեսին հիմնականում մեղադրել են, որ Կոնգրեսում տարակարծություն չկա, որ Կոնգրեսում ներքին ժողովրդավարություն չկա, Կոնգրեսում ավտորիտար մեթոդներ են գործում: Այդպես չի եղել: Այս անգամ դա ավելի քան դրական է եւ բնականոն, երբ հրապարակայնորեն որոշ կարծիքներ արտահայտվեցին: Ես որեւէ կասկած չունեմ, որ դրանից միայն պարզ դարձավ, որ Կոնգրեսում կա ներքին ժողովրդավարություն եւ որոշումների ընդունման ժողովրդավարական մեխանիզմ: Իշխանության ներկայացուցիչներ, իշխանության վերահսկողության տակ գտնվող ինչ-որ միավորներ` քաղաքական, կիսաքաղաքական, լրատվական, այդ ամենը փորձում են ներկայացնել որպես Կոնգրեսի ներսում ընթացող ինչ-որ բացասական պրոցեսներ: Ուրեմն որեւէ կասկած չունենաք, որ Կոնգրեսը որ միայն միասնական է այնպես ,ինչպես երբեք չի եղել, այլեւ որ այսօր Կոնգրեսի համակիրների շարքերը գնալով ընդլայնվում են»:

Դավիթ Շահնազարյանը չի կասկածում, որ ՀԱԿ-ի քաղաքական ակտիվ գործողություններն ի վերջո արդյունք են տալու: Ընդդիմադիր գործչի խոսքով` իշխանությունն այսօր նման է սորուն ավազի վրա կանգնած մարդու:

«Իշխանության ցանկացած քայլ այսօր արագացնում է նրա անկումը, որովհետեւ այս իշխանությունն ապացուցել է, որ ինքը ընդհանրապես ոչնչի ընդունակ չէ ոչ մի բնագավառում: Այդ անկման ժամանակ ինչքան ուզում է բղավեն, որ թռչում են, այնուամենայնիվ, անկում են ապրում», - ասաց Շահնազարյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG