Մատչելիության հղումներ

Բերման ենթարկված ընդդիմադիր ակտիվիստը ազատ արձակվեց


Այսօր առավոտյան ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մտել են արձակագիր, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Բանակն իրականում» խմբի ակտիվիստ Արմեն Օհանյանի բնակարան եւ հարկադրանքի միջոցով նրան բերման ենթարկել սկզբում 6-րդ վարչություն, հետո Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Օհանյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Մի քանի ժամ ԱԱԾ-ում մնալուց հետո Օհանյանը դուրս է եկել` ժամը 16-ին փաստաբանի հետ հարցաքննության ներկայանալու պայմանով: Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ գաղափար անգամ չի ունեցել, թե ինչու են ոստիկանները առավոտ շուտ եկել իրենց տուն, քանի որ, նրա հավաստմամբ, որեւէ ծանուցագիր չի ստացել:

«Ինձ համար շատ անսպասելի էր, երբ առավոտյան արթնացա, երեք հոգի եկել էին մեր տուն, հորս ներկայացել էին որպես 6-րդ վարչության աշխատակիցներ: Ես քնած էի, արթնացա, ասացի, եթե հարցեր ունեք տալու, գոնե իմանամ` ի՞նչ գործով եք կանչում, ծանուցագիր կա՞: Բնականաբար, չկար, ասացին, հիմա կզանգենք, կլինի, բայց ծանուցագրի փոխարեն եւս երեք հոգի հայտնվեցին մեր բնակարանում, որից հետո ինձ ուղղակի, ձեռքերիցս բռնելով, հրելով, կարելի է ասել, պարտադրաբար, բերեցին ԱԱԾ», - պատմեց Օհանյանը:

Ընդդիմադիր երիտասարդի խոսքով` իրեն այնպես են բերման ենթարկել, կարծես ծանր հանցագործություն կատարած լիներ:

«Այնպիսի մի գրոհ է մեր բնակարան տեղի ունեցել, կարծես ես տեռորիստ էի կամ ինչ-որ մի հանցագործ, որ պետք էր շատ արագ բերման ենթարկել», - ասաց Օհանյանը:

ԱԱԾ-ի մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Արմեն Օհանյանը հարցաքննվում է ԱԱԾ քննչական վարչությունում կեղծ միջնակարգ կրթության վկայականներ տրամադրելու վերաբերյալ քննվող գործի շրջանակներում, եւ դա ոչ մի առնչություն չունի նրա քաղաքական հայացքների հետ: ԱԱԾ-ն չի տեղեկացնում, թե կրթական հաստատությունների մասին է խոսքը:

Օհանյանը հարցաքննության է բերվել որպես վկա: Նա հայտարարեց, որ ինքը որեւէ առնչություն չունի կրթական հաստատությունների եւ այդ գործի հետ, պարզապես իր ընկերների անուններն են շրջանառվում գործում, եւ հավանաբար ԱԱԾ-ն ենթադրում է, որ ինքը կարող է ինչ-որ տեղեկություններ ունենալ: Օհանյանը բացառեց իրեն այս գործով որեւէ մեղադրանք առաջադրելը:

Քրեական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ ոչ միայն վկան ու տուժողը, այլ նույնիսկ կասկածյալն ու մեղադրյալն են քննիչի մոտ կանչվում ծանուցագրով, եթե ազատազրկված չեն: «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին, որ 6-րդ վարչության աշխատակիցները Արմեն Օհանյանի բնակարան են այցելել հանկարծակի եւ հրելով են նրան տարել հարցաքննության: Ոստիկանությունը հայտարարում է, որ մինչ այդ Օհանյանին ծանուցագրեր ուղարկվել են, սակայն նա չի ներկայացել:

«Իրենք ինչ ուզում են պնդեն, փաստը մնում է այն, որ ես ծանուցագիր չեմ ստացել եւ ծանուցագրի երես անգամ չեմ տեսել: Դա իրենց աշխատելու մեթոդն է ուղղակի», - հակադարձեց Օհանյանը:

Ի դեպ, սա ընդդիմության համակիր ու ակտիվիստ Արմեն Օհանյանին բերման ենթարկելու արդեն երկրորդ դեպքն է: 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ էլ նրան Աբովյան փողոցի շրջակայքից էին բերման ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

«Նույնը կրկնվում է, այսինքն լավագույն ավանդույթներով առաջ են գնում», - ասաց Օհանյանը:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը «բեսպրեդել է» որակում իրենց ակտիվիստների նկատմամբ կատարված գործողությունները:

«Վկային նախաքննական մարմին ներկայացնելու համար գնացել են յոթը հոգով, առնվազն երկու ավտոմեքենայով, տանում են ինչ-որ տեղ, չեն ասում թե ուր, ինչի համար: Օրենքի որեւէ շրջանակի մեջ չտեղավորվող գործողություն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը:

Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չբացառեց, որ այսօրվա միջադեպը կարող էր Արմեն Օհանյանին վախեցնելու կամ նրա նկատմամբ ճնշում գործադրելու միտում ունենալ: Դանիելյանը հիշեցրեց իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի դեպքը, երբ ավագանու ընտրություններից հետո, Դանիելյանի պնդմամբ, կրկին առանց ծանուցագիր ուղարկելու եկել էին նրա տուն, պահանջել որպես վկա ներկայանալ եւ ցուցմունք տալ ընտրատեղամասերում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, Հակոբյանը վրդովվել էր, արդյունքում` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորվեց:

«Հայաստանում շատ լուրջ պրակտիկա է առանց ծանուցագրի ոստիկանություն հրավիրելը», - ասաց Դանիելյանը:

Ծանուցագիր չուղարկելը, ըստ իրավապաշտպանի, պատահական չէ, քանի որ այդպես ավելի հեշտ լինում «գործերը շուռ տալն ու փաստական տվյալները աղավաղելը»:

«Մարդու իրավունքների ոտնահարումը իրավապահ մարմիններում հենց ոստիկանություն կանչից է սկսվում: [Ոստիկանապետ] Վովա Գասպարյանը մտադի՞ր է դա փոխել, թե` ոչ, ես չեմ կարող ասել, բայց դեռ ոչ մի բան չի փոխվել», - ասաց Դանիելյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG