Մատչելիության հղումներ

ԵԺԿ-ին անդամակցելու համար դիմել էին ՀՀԿ, ԲՀԿ, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունները:

Երեկ Եվրոպայի ամենաազդեցիկ պահպանողական կուսակցություններից մեկի` Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը հայտարարեց, որ իրենց անդամակցելու համար դիմած հայաստանյան երեք կուսակցություններ` Հանրապետական, «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն», կարող են մոտ ապագայում դառնալ ԵԺԿ-ի կառուցողական գործընկերներ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությունը, որը Հայաստանում էր` գնահատելու համար 4 կուսակցությունների թեկնածությունը մեր կուսակցության անդամ դառնալու համար, Հայաստանից վերադարձավ ոգեւորությամբ», - երեկ Ֆրանսիայի Մարսել քաղաքում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության 20-րդ համագումարում հայտարարեց Վիլֆրիդ Մարտենսը` հավելելով, որ կուսակցության անդամության վերաբերյալ որոշումները կկայացվեն փետրվարին կայանալիք քաղաքական վեհաժողովի ընթացքում:

ԵԺԿ-ի լիիրավ անդամության կարող են հավակնել միայն Եվրամիության երկրների կուսակցությունները: ԵՄ անդամ չհանդիսացող երկրների կուսակցությունները պետք է բավարարվեն դիտորդի կարգավիճակով: Հայաստանից Եվրոպական ժողովրդական կուսակցությանը դիտորդի կարգավիճակով անդամակցելու համար դիմել էին Հայաստանյան 4 կուսակցություններ` Հանրապետականը, «Բարգավաճ Հայաստանը», «Օրինաց երկիրը» եւ «Ժառանգությունը»:

Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Վիլֆրիդ Մարտենսի խոսքերը. - «Ես Մարտենսի ելույթը լսել եմ ֆրանսերեն թարգմանությամբ` ինչքան որ կարողացա, որովհետեւ իսկապես խայտառակ թարգմանություն էր: Եթե դուք պնդում եք, որ այդպես է ասել, որ խոսքը վերաբերում է 3 կուսակցություններին, ապա Աստված իրենց հետ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որեւէ խնդիր, որեւէ պրոբլեմ այդտեղ չի տեսնում: Մենք կցանկանայինք, իհարկե, մենք դիմել ենք անդամակցելու, բայց ոչինչ չի փոխվելու մեր գործունեության մեջ, մենք մեր աշխատանքով ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը լինի եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ»:

Կրծքանշան` Սերժ Սարգսյանին


ԵԺԿ-ի համաժողովում, որին մասնակցում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Վիլֆրիդ Մարտենսը խոսեց նաեւ այն մասին, որ Հայաստանը դարպաս է արեւմուտքի եւ արեւելքի միջեւ եւ Եվրոպայի հետ ընդհանուր արմատներ, ժառանգություն ու ճակատագիր ունի: Նա շեշտեց, որ տպավորված է Հայաստանի նախագահի կայուն համոզմունքներով, բարեփոխումներով, որոնք պետք է իրականացվեն, եւ հարեւանների հետ հարաբերություններում համարձակ նախաձեռնություններով:

«Դուք ձեր հարեւանների հետ կապված համարձակ նախաձեռնություններով եք հանդես եկել. կարող եմ առանձնացնել հատկապես Թուրքիայի հետ հարաբերությունները: Դուք երկրի ներսում հավակնոտ բարեփոխումներ իրականացնելու պարտավորություն եք ստանձնել: Հայաստանը կառուցում է խաղաղ ժողովրդավարություն եւ այս ժողովրդավարությունը պետք է ամրապնդվի: Հայաստանը վերափոխվում է շուկայական տնտեսության, այդ երկիրը գտել է իր տեղը միջազգային ոլորտում եւ այժմ այն իր ուշադրությունը հառում է Եվրոպային», - նաեւ ասաց ԵԺԿ-ի նախագահը, եւ իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանին հրավիրելով բեմ` նրան Եվրոպական ժողովրդական կուսակցության կրծքանշան հանձնեց: Կուսակցական կրծքանշաններ Մարտենսը խոստացավ փոխանցել նաեւ «Օրինաց երկիր» եւ «Ժառանգություն» կուսակցությունների ղեկավարներին, ովքեր մասնակցում են համագումարին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Վիլֆրիդ Մարտենսը հրավիրեց այսօր սպասվող կառավարությունների եւ պետությունների ղեկավարների վեհաժողովին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG