Մատչելիության հղումներ

Մեկնարկում է ՀԱԿ ակտիվիստների դատավարությունը


Օգոստոսի 9-ին բերման ենթարկված 7 ընդդիմադիր ակտիվիստները

Օգոստոսի 9-ին բերման ենթարկված 7 ընդդիմադիր ակտիվիստները

Դեկտեմբերի 8-ին մեկնարկում է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դատավարությունը` օգոստոսի 9-ին Կարապի լճի մերձակայքում նրանց եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով:

Դատարանի առջեւ են կանգնելու կալանավորված ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը եւ նրա հետ նույն գործով անցնող, բայց ստորագրությամբ եւ գրավի դիմաց ազատ արձակված ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը Սարգիս Գեւորգյանն ու Արտակ Կարապետյանը:

Դատը անցկացվելու է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկից հետո ձերբակալված ՀԱԿ-ի յոթ ակտիվիստներից կալանավորվել էին երեքը, որոնցից երկուսի նկատմամբ խափանման միջոցը փոխվեց, եւ ներկայումս միայն Առաքելյանն է շարունակում կալանավորված մնալ։

Տիգրան Առաքելյանի կալանավորումը դարձավ Հայ ազգային կոնգրես - իշխանություն երկխոսության առկախման առիթը։

Առաքելյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանության մեջ, ինչի համար նախատեսված առավելագույն պատիժը մինչեւ 5 տարվա ազատազրկումն է: Սակայն նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանն ու Հայ ազգային կոնգրեսը պնդում են, որ մեղադրանքը շինծու է եւ որ հակառակը` ոստիկաններն են բռնություն գործադրել երիտասարդների նկատմամբ:

Այս գործով նախաքննությունը սկզբում իրականացնում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը , բայց նախաքննությունից դժգոհ փաստաբանների պահանջով Հատուկ քննչական ծառայությունում քննությունը շուտով վերսկսվեց:

«Ի սկզբանե հորինված մեղադրանքը Հատուկ քննչական ծառայությունը ավելի «ամրապնդեց», եւ ըստ էության ոստիկանական զեկուցագրերի վրա հարուցված քրեական գործը ուղարկվեց դատարան մեղադրական եզրակացությամբ` արդեն ավանդական դարձած` քննիչը որոշում է, դատավորին է ուղարկում, որպեսզի դատավորը որոշում կայացնի սկզբունքով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործի հետագա ընթացքի վերաբերյալ կարծիք հայտնեց ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը: - «Ես պնդել եմ, պնդում եմ, որ օբյեկտիվ քննության արդյունքում երկու բան պետք է կատարվի` քրեական հետապնդումը ակտիվիստների նկատմամբ դադարեցվի եւ ապօրինություն կատարած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում սկսվի: Քանի որ այդ երկու կոմպոնենտները չկան, օբյեկտիվ քննության, օբյեկտիվ նախաքննության մասին խոսք անգամ չի կարող լինել»:

ՀԱԿ-ի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատուն նաեւ հայտարարեց, որ Հայաստանում «ամեն ինչ որոշվում է քաղաքական պատվերի արդյունքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG