Մատչելիության հղումներ

Կառավարությունը մերժել է մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցելու առաջարկը


2008-ի մարտի 1-ին զոհվածների հարազատները բողոքի ակցիան են անցկացնում, արխիվային լուսանկար

2008-ի մարտի 1-ին զոհվածների հարազատները բողոքի ակցիան են անցկացնում, արխիվային լուսանկար

Հայաստանի կառավարությունը մերժել է 2008-ի մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների ընտանիքներին հաջորդ տարվա պետբյուջեից գումար հատկացնելու առաջարկը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը առաջարկել էր 500 միլիոն դրամի փոխհատուցում սահմանել զոհերի ընտանիքների համար` հիմնավորելով, որ այդ անձինք պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների զոհն են դարձել, ուստի պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար: Սակայն կառավարությունը համոզված չէ, որ նրանց մահը ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք է եղել: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կառավարության պատասխանը «խայտառակություն» որակեց:

«Նշում են, որ նրանց ոչ իրավաչափ արձագանքի վերաբերյալ պաշտոնական գնահատական չկա: Սա ուղղակի խայտառակություն է, որովհետեւ անգամ Ազգային ժողովի նորընծա նախագահ Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովը տվել էր ոչ իրավաչափության գնահատականը: Հիմա անգամ հրաժարվում են այն գնահատականներից, որոնք տվել են հենց իրենք», - ասաց Սաֆարյանը:

Մարտի 1-ի զոհերի ընտանիքները մշտապես խուսափել են լրատվամիջոցներով բարձրաձայնել հարազատների ու որդիների կորստից հետո կրած զրկանքների եւ նաեւ սոցիալական ծանր վիճակի մասին` իրենց գերխնդիրը հայտարարելով որդիների մահվան համար պատասխանատուներին պատժված տեսնելը: Սակայն այսօր «Ազատություն» ռադիոկայանը այցելել է նրանցից մի քանիսի տուն:

Երեւանի կենտրոնում 2008-ի մարտի 1-ին մահացու վիրավորված եւ 40 օր անց մահացած Սամվել Հարությունյանի հայրը` Էդիկ Հարությունյանը, չզարմացավ «Ժառանգության» առաջարկին կառավարության պատասխանից եւ ասաց, որ 1 լումայի փոխհատուցում անգամ չեն ստացել պետությունից: Այս ընտանիքում ոչ ոք չի աշխատում:

«Գումարները իրենց գրպանի, իրենց շենքերի, իրենց ավտոյի, իրենց էրեխեքի համար են, որ հղփանան, ոչ թե մեր նման խեղճ ու կրակների: Ես իմ էրեխու գերեզմանը չեմ կարողանում սարքել», - ասաց Հարությունյանը:

Պարզվեց, որ Սամվելի գերեզմանը մինչեւ հիմա կիսատ է, եւ ինչպես մայրը` Զարիկ Արթինյանն էր փաստում, նրա թաղման արարողության համար էլ գումար չեն ունեցել: - «Մենք պարտքով էինք թաղում արել, իսկ ո՞վ էր անելու, մինչեւ հիմա էլ պարտքերի տակ ենք»:

Զոհված Սամվել Հարությունյանի տունը, կարելի է ասել կրկնակի է «քանդվել»: Ամիսներ առաջ հեռացել է նրա կինը, ամուսնացել է, իսկ 4-ամյա դստերը թողել է տատ ու պապերի խնամակալության տակ: Սամվելի մահվան ժամանակ երեխան 6 ամսական է եղել, բայց տատ ու պապի խոսքով` որպես ծնողազուրկ երեխա` նպաստ էլ չի ստացել:

«Էրեխա է մնացել եթիմ, էս էրեխին ո՞վ պետք է տեր կանգնի, եթե ոչ պետությունը: Ոչինչ չեն անում, ընդդիմությունն էլ բացարձակ բան չի անում», - ասաց Զարիկ Արթինյանը:

«Հարցը գումարը չէ, մենք մեր էրեխու արյունը չենք ծախում, մեզ դա էլ պետք չէ երբեք, էս իշխանությունները, որոնք նենգաբար սպանել են մեր էրեխեքին, էսօր գոնե ցինիկաբար թող չասեն, որ որեւէ մեկը մեղավոր չէ», - հավելում է Սամվել Հարությունյանը:

Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրն էլ` Ջեմմա Վարդումյանը, ապրում է ամսական 30 հազար դրամ թոշակով: Նա պատմեց, որ ամիսներ առաջ ոտքը կոտրվել է, բայց հիվանդանոցում պառկելու համար գումար չի ունեցել:

«65 տարեկան որբ եմ, ինձ թող այլեւս ոչ ոք չանհանգստացնի: Ես երկրաշարժից հետո հացը չեմ կերել, որ երեխաս ուտի, որ էսօր ինձ մի բաժակ ջուր տա, ես ոչինչ չեմ ուզում ոչ մեկից», - արտասվելով ասաց Վարդումյանը:

Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի ընտանիքը, թեեւ սոցիալապես անապահով չէ, բայց մարտի 1-ից հետո այլ զրկանքներ է կրել: Տիգրանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը, եղել է դպրոցի տնօրեն, բայց տղայի մահից 40 օր անց նրան տեղեկացրել են, որ աշխատանքային պայմանագիրը դադարեցվում է: Նա տեղյակ չէ, թե ինչ հիմնավորմամբ: Ալլա Հովհաննիսյանի կարծիքով` պատճառը եղել է 2008-ի ապրիլի 9-ի բողոքի ակցիային մասնակցելն ու լրատվամիջոցներով հանդես գալը:

«Երեւի թե դա մեր իշխանություններին ցնցեց, երեւի իրենք մտածում էին, որ ինչ-որ մի պաշտոնի, մի աշխատանքի, մի բիզնեսի համար ես պետք է իմ գլուխը կախեմ, պետք է լռեմ, բայց դա բացառված է», - ասաց Հովհաննիսյանը:

Այս ընտանիքը մինչ այդ սեփական բիզնես է ունեցել, նաեւ տաքսի ծառայություն է աշխատեցրել, բայց մարտի 1-ից հետո մինչ «Յոթի» գործով դատը ինքնակամ դադարեցրել են բիզնեսն ու ծառայությունը, որպեսզի իրենց վրա ճնշման որեւէ լծակ չլիներ իշխանությունների կողմից:

«Ցավալին այն է, որ մեր երեխաների սպանություններից հետո միանգամից մեր ընտանիքները իշխանության կողմից դիտարկվեցին որպես թշնամիներ: Մենք այս երկրում ոչ ցանկալի անձնավորություններ ենք, մենք այդ ամեն ինչը զգում ենք ամեն հարցում, իշխանությունները մեզ հետ շփվելու ոչ մի ցանկություն չունեն: Այն ժամանակ կունենային, երբ մենք լռեինք, այդ ժամանակ մեզ գրկաբաց կընդունեին», - ասաց Տիգրան Խաչատրյանի մայրը:

Ալլա Հովհաննիսյանը «վրեժխնդրություն» որակեց իրենց փոխհատուցում տրամադրելու առաջարկին կառավարության մերժումը:

«Սա վրեժխնդրություն է զոհերի ընտանիքների հանդեպ միայն նրա համար, որ նրանք պահանջում են արդար դատաստան: Կարելի էր շատ անապահով ծնողներին ինչ-որ ձեւով մի քիչ օգնել, բայց կոնկրետ իշխանությունները վրեժխնդրության նպատակով ոչ մի լումա օգնություն ցույց չեն տվել: Բայց մենք Եվրադատարանի միջոցով կստիպենք այս իշխանություններին ստանձնել իրենց պարտավորությունները եւ այդ ժամանակ շատ խելոք կկատարեն այն, ինչ իրենց կստիպի Եվրոպական դատարանը եւ ավելի ամոթալի վիճակի մեջ կընկնեն բարի կամք չցուցաբերելու համար», - ասաց Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG