Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարը մասնակցել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանին


Դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում մեկնարկեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 18-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Նստաշրջանի առաջին օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը համատեղ հայտարարություն են ընդունել, որում վերահաստատել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարեւորությունը:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նույն օրը` առավոտյան, Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ նախարարական խորհրդի 18-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը` դիրքորոշումները ճշտելու եւ համադրելու նպատակով:

Էդվարդ Նալբանդյանը նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի, Ավստրալիայի արտգործնախարար Քեւին Ռուդի, Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էրկկի Տուոմիոայի, ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն Յանեշ Լենարչիչի, Միացյալ Թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգտոնի, Կիպրոսի արտգործնախարար Էռատո Կոզակով- Մարկովալիսի, 2012 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Իռլանդիայի Եվրոպական հարցերով պետնախարար Լուսինդա Կրեյթոնի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG