Մատչելիության հղումներ

logo-print

Դեկտեմբերի 7-ի մամուլ


Անդրադառնալով օրվա խորհրդին` երկրաշարժի տարելիցին` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Միայն Գյումրիում առնվազն 4 հազար անօթեւան կա: Հիշեցնենք` երկրաշարժից 23 տարի է անցել, Ռոբերտ Քոչարյանն էլ 13 տարի առաջ հայտարարել էր, թե երկու տարում «Աղետի գոտի» հասկացությունը պիտի վերանա: Ոչ միայն չի վերացել, այլեւ սոցիալական վիճակը օրեցօր ծանրանում է, արտագաղթի տեմպերով էլ Գյումրին առաջին տեղում է, այսինքն` ամենաարագն է դատարկվում: Այդ նույն Գյումրիում, ահա, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ալեքսանդրապոլ» անունով մի շքեղ հյուրանոց է կառուցել, որի արժեքը, տեսահոլովակից դատելով, մի քանի միլիոն է… Թե ինչպես է պատահում, որ միայն պետական պաշտոնյաներն են այդքան հաջողակ բիզնեսների տեր դառնում` այլ հարց է, բայց փաստն այն է, որ հանրապետության երկրորդ քաղաքն այդպիսի աստվածավախ քաղաքապետ ունի, գյումրեցիներն էլ նրան այնքան են սիրում, որ եղած-չեղածը ծախում ու գնում են Ռուսաստան»:

«Ժամանակ»-ի մեկնաբանը գրում է. - «Հայաստանի իշխող համակարգի հակասությունները շարունակում են լինել ներքաղաքական կյանքի այն կարմիր թելը, որ անցնում է գրեթե բոլոր գործընթացներով: Միայն ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությամբ կամ նախկին նախագահ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի փոխհարաբերություններով չէ, որ պայմանավորված է ներիշխանական հակասությունների կծիկը: Բանն այն է, որ բավական լուրջ հակասություններ եւ հակադրություններ կան նաեւ ՀՀԿ շարքերում, նաեւ նախագահի նստավայրի եւ ՀՀԿ-ի միջեւ, ինչը պարզապես դեռեւս չի ստացել լայն դրսեւորում: Բանն այն է, որ այդ հակասությունները, թերեւս, հաջորդ փուլին են սպասում, երբ ՀՀԿ-ԲՀԿ տիրույթը վերջնականապես կստանա իր հանգուցալուծումը: Իշխանությունն առայժմ ավելի շատ ռեսուրս չունի, որ կարողանա մի քանի ճակատով նույն ինտենսիվությամբ զարգացումներ ապահովել եւ դրանք տանել հանգուցալուծման: Իրականում, սակայն, ներհհկական, կամ, այսպես ասած, նախագահի նստավայրի եւ ՀՀԿ-ի միջեւ հակասությունները շատ ավելի սուր են լինելու, քան ԲՀԿ-ՀՀԿ կամ Քոչարյան-Սարգսյան հակասությունը»:

«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Երբ որեւէ քաղաքական ուժ հանկարծ հայտարարություն է տարածում, որ իրեն նախկինում անթաքույց սատարած լրատվամիջոցն իր հետ որեւէ կապ չունի, ակնհայտ է առնվազն երկու պարզ իրողություն: Նախ` որ կան այլ լրատվամիջոցներ, որոնց այդ ուժը համարում է իր սեփականությունը, կամ, ավելի շուտ, իր բոստանն է համարում: Երկրորդ` տվյալ ուժի համար, ցենզուրայի հին ու բարի ավանդույթների համաձայն, ընդունելի են միայն որեւէ սեփական դատողություն չպարունակող, իրենց «վերջին ատյանի ճշմարտություն» համարող «պատի թերթերը»: Եվ եթե որեւէ լրատվամիջոց, որին այդ ուժը իրենն էր համարում, «հանդգնություն» է ունենում հանդես գալ որեւէ սեփական դատողությամբ, ապա վերջ, լրատվամիջոցը օստրակիզմի է ենթարկվում, դասվում թշնամիների ու դավաճանների շարքը: Երեւույթը զարմանալի չէր լինի, եթե այս գործելակերպը չդրսեւորեր ՀԱԿ-ը, որն օր ու գիշեր կուրծք է ծեծում, թե ինքը պայքարում է երկրում ժողովրդավարության, խոսքի ազատության «վերահաստատման» համար»:

Անդրադառնալով խոսքի ազատության հայաստանյան առանձնահատկություններին` «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ասացեք խնդրեմ, դուք տեսե՞լ եք «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության որեւէ անդամի դեմքը, դուք գիտե՞ք դրանցից որեւէ մեկի անուն-ազգանունը, աշխատելու կամ սովորելու վայրը: Դուք վստա՞հ եք, որ դա իսկապես երիտասարդական նախաձեռնություն է, գուցե նրանք 70 տարեկան «կագեբեշնիկ»-ներ են: Ի վերջո, դա հասարակական կազմակերպությո՞ւն է, թե՞ լրատվամիջոց, եթե հնարավորություն ունի Արմեն Ջիգարխանյանից բացառիկ հարցազրույց վերցնելու: Ես կասկածամիտ չեմ, ոչ էլ կողմնակից եմ դավադրության տեսությանը: Ավելին` այդ նախաձեռնության որոշ քայլեր ինձ դուր են գալիս: Բայց մինչեւ ես չտեսնեմ, թե ով եւ ինչի համար է դա անում, չեմ կարող այդ քայլերին օբյեկտիվ գնահատականներ տալ: Շատ հնարավոր է, որ, ի պատասխան իմ այդ մտահոգության, նախաձեռնությունը հանդես գա ցասումնալից հայտարարությամբ, որտեղ, սակայն, չի լինելու ոչ մի հեռախոս, ոչ մի հասցե եւ ոչ մի անուն… Ի հակադրություն «Չենք լռելու» նախաձեռնությանը` ստեղծվել է [հավանաբար, իշխանության կողմից] «Բանակում ծառայած երիտասարդների» նույնքան անդեմ, որեւէ «կենդանի» ներկայացուցիչ չունեցող միավորումը: Եվ ահա «երիտասարդները» հայտարարել են, որ պատռելու են «չլռողների» դիմակը: Սիրելիներս, պետք է նախ ունենալ դեմք, որի առկայության դեպքում միայն հնարավոր է դրա վրա ինչ-որ դիմակ հագնել»:

«Հրապարակ»-ը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Լրագրողը հարցնում է. - ««Ժառանգությունը» պահանջել էր, որ ՀՀԿ-ն ներողություն խնդրի հանրապետական Առաքել Մովսիսյանի արարքի համար, սակայն այդ հայտարարությունը որեւէ արձագանք չունեցավ, եւ ԱԺ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն անտեսեց այդ պահանջը: Դուք դա ինչպե՞ս եք գնահատում»: Պատասխան. - «Ներողություն խնդրելը ենթադրում է ոչ միայն բարոյականություն, այլեւ տղամարդու, քաղաքացու եւ ճշմարիտ կուսակցականի ուժ: Եթե այդ ուժը գտնի որեւէ մեկը, այդ թվում նաեւ ԱԺ նախագահի թեկնածուն, ինքը ներողություն կխնդրի, բայց ես ինքս չեմ ակնկալում, չեմ խնդրում: Ամեն մեկն իր չափանիշով պետք է երեւա մեր հասարակությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG