Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը դատապարտել է ռուսաստանյան ընտրությունները


Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները Մոսկվայի կենտրոնում

Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները Մոսկվայի կենտրոնում

Ռուսաստանի մայրաքաղաքում տեղակայված են ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները։

Ելույթ ունենալով Վիլնյուսում գումարված ԵԱՀԿ-ի արտաքին գործերի նախարարների նիստում` Հիլարի Քլինթոնն ասել է, որ ԱՄՆ-ը լուրջ մտահոգություններ ունի Պետական Դումայի ընտրությունների վերաբերյալ։

«Անկախ այնպիսի կուսակցություններ, ինչպիսին ՊԱՐՆԱՍ-ն է (Ժողովրդական ազատության կուսակցությունը), զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից։ Ընտրությունները ոչ արդար էին եւ ոչ էլ ազատ։ ԵԱՀԿ-ի նախնական գնահատականների համաձայն, ընտրությունների օրը գրանցվել են լցոնումներ, ընտրացուցակների կեղծումներ եւ մտահոգիչ այլ գործողություններ», - ասել է ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը։

«Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը հաղորդում է, որ անմիջապես Քլինթոնից հետո Վիլնյուսում ելույթ է ունեցել նրա ռուսաստանցի պաշտոնակիցը` Սերգեյ Լավրովն, ով չի անդրադարձել Պետական Դումայի ընտրություններին եւ որեւէ կերպ չի արձագանքել պետքարտուղարի խոսքերին։

Դա հեռակա կարգով արել է Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Կոնկինը, ով պետքարտուղարին խորհուրդ է տվել ուշադրությունն ուղղել ամերիկյան ընտրությունների վրա։

«Ռուսաստանցի ընտրողներն արժանի են այն բանին, որ իրենց քվեները հաշվի առնվեն եւ ընտրախախտումների դեպքերը հետաքննվեն», - ասել է Քլինթոնը։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը խոստացել է ուսումնասիրել խախտումներին վերաբերող նյութերը, սակայն պնդել է, որ դեկտեմբերի 4-ի ընտրություններն ազատ էին եւ արդար։

«Համոզված եմ, որ «Եդինայա Ռոսիա»-ն արժանի մասնակցություն է ունեցել եւ ստացել է այնքան քվե, որքան կարող էր` ոչ ավելի, ոչ պակաս», - ասել է Մեդվեդեւը, ով հաջորդ տարվա նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի գրեթե անխուսափելի հաղթանակից հետո կստանձնի վարչապետի պաշտոնը։


Ընտրությունների թեմային է անդրադարձել նաեւ ներկայիս վարչապետը։

Մեկնաբանելով 2007 թվականին «Եդինայա Ռոսիա»-ի ստացած 64 տոկոսի փոխարեն այս տարի 49.5 տոկոս ստանալու հանգամանքը` նա ասել է, որ անկումը բնական է, քանի որ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն է պատասխանատվություն կրում երկրում տեղի ունեցող բոլոր զարգացումների համար։

«Պետական Դումայում տեղի կունենա էական թարմացում։ Հաջորդ տարվա նախագահական ընտրություններից հետո կձեւավորվի նոր կառավարություն, եւ դրանում էլ կլինեն լուրջ փոփոխություններ», - ասել է Պուտինը։

Խորհրդարան չընտրված կուսակցություններից «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին ասել է, թե դեկտեմբերի 4-ին, ըստ էության, կար ընդամենը մեկ հարց. արդյո՞ք քաղաքացիներն ի զորու կլինեն «Յաբլոկո»-ի համար տեղ ապահովել Դումայում։ Մնացած ամեն ինչ կանխորոշված էր։

«Վարչապետը որոշել է, որ այդ նույն 4 կուսակցությունները պետք է մնան խորհրդարանում», - ասել է Յավլինսկին։

Մինչդեռ, Մոսկվայում հազարավոր ընդդիմադիրներ շարունակում են բողոքի ակցիաները։ Այսօր Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների շարժ է նկատվել մայրաքաղաքում։

Նախարարության խոսնակ Վասիլի Պանչենկովն ասել է, որ զորքի միակ նպատակը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է։

Ոստիկանությունը նախազգուշացրել է, որ ամենայն խստությամբ ցրելու է չարտոնված բոլոր ցույցերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG