Մատչելիության հղումներ

Ամբաստանյալի հոր պնդմամբ` առանցքային վկային ծեծել են նախաքննության ընթացքում


Մեկուկես տարի առաջ բանակում մահացած 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով հերթական դատական նիստի ժամանակ տուժող կողմը կրկին խնդրեց դատարանին հետաձգել առանցքային վկայի հարցաքննությունը մինչ նրան զորացրելը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը մերժեց միջնորդությունը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Մուշեղ Շուշանյանն ու Ռուբեն Մարտիրոսյանը նշեցին, որ այսօր Նազարյանի մայրը հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի հետ` նրան խնդրելով նաեւ արագացնել առանցքային վկա Արման Մնացականյանի զորացրման հարցը: Երկու օր առաջ լրացել է գործով կարեւոր վկա զինվորի ծառայության երկու տարին:

«Հարգարժան պարոն նախարարը ցուցում է տվել իր աշխատակիցներին, որպեսզի նրանք պարզեն եւ այդ հարցը եւ լուծում տան դրան», - հայտարարեց Մարտիրոսյանը:

Առանցքային վկա համարվող Արման Մնացականյանը հենակետի խոհարարն էր, որի ներկայությամբ, ըստ տուժող կողմի, կատարվել է Արտակ Նազարյանի սպանությունը:

Տուժող կողմը պնդում է, որ առանցքային վկան, այժմ պահվելով Ռազմական ոստիկանությունում, չի կարող ոստիկանության դեմ ցուցմունքներ տալ: Արման Մնացականյանը նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարել էր, թե դեպքի վերաբերյալ ոչինչ չի հիշում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ամբաստանյալներից Ադիբեկ Հովհաննիսյանի հայրը` Հրաչյա Հովհաննիսյանը ասաց, թե Արման Մնացականյանին նախաքննության ժամանակ ծեծել են, որպեսզի նա կեղծ ցուցմունքներ գրի` պնդելով, թե Նազարյանին գործով մեղադրվող 5 զինվորները դրդել են ինքնասպանության:

«Դեպքից մի երկու ամիս հետո գնացինք իրենց տուն, որ ասենք, որ տղան մեր էրեխեքի վրա կեղծ ցուցմունքներ է տալիս, հայրը ասաց` քեզ էլ էդքան ծեծեին, դու էլ կգրեիր», - ասաց Հովհաննիսյանը:

Հրաչյա Հովհաննիսյանը նաեւ ցույց տվեց մի թուղթ, որտեղ իր նախաքննական ցուցմունքներից հրաժարվելու մասին գրել է մյուս վկան` Արթուր Մկրտչյանը:

«Քննիչի` Լեւոն Պետրոսյանի մոտ ենք մենք եղել, քննիչն է մեզ ասել, որ ձեր տղայի վրա ցուցմունք են տալիս այս տղաները: Մենք էլ իմացանք, որ իրենց տեղափոխել են Երեւան ծառայության: Իբր Արտակ Նազարյանին ծեծել են, նսեմացրել են, դրա համար դրդել են ինքնասպանության, բայց սուտ է, ծեծել են ոստիկանությունում, երեխեքի վրա գրել են տվել», - պնդեց Հովհաննիսյանը:

Տուժողի իրավաջորդ Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ վկա Արթուր Մկրտչյանի այս գրությունը քննվող գործի նյութերում չկա` նշելով, որ այն քննիչները ոչնչացրել են: Այսօր դատարանում ինչպես տուժող, այնպես էլ մեղադրվող կողմը հայտարարեցին, որ այս գործի նախաքննությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով: Նազարյանին ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւորգյանը բացարկ հայտնեց մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանին` նախաքննության նկատմամբ ոչ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար: Բացարկին միացան նաեւ մյուս ամբաստանյալների, ինչպես նաեւ տուժող կողմի ներկայացուցիչները:

Մինչ դատավորը կհայտարարեր, որ դատախազի նկատմամբ բացարկ ներկայացնելու միջնորդության վերաբերյալ իր որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին, դատախազը կարծիք հայտնեց, թե կողմերի միջնորդությունն անհիմն է ու ենթակա է մերժման: Նա նշեց, թե նախաքննական մարմնի կողմից վկաները նախաքննության փուլում ճնշումների չեն ենթարկվել: «Ճնշումները եղել են տուժողի հարազատների ու զորամասի սպաների կողմից», - հայտարարեց դատախազ Հարությունյանը: Նրա այս խոսքերին հետեւեց դատական նիստերի դահլիճում ներկա ամբաստանյալների հարազատների բուռն բողոքը:

Հիշեցնենք, Արտակ Նազարյանը Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի ավագն էր: Նա մահացել է 2010 թվականի հուլիսի 27-ին: Նախաքննության համաձայն, 30-ամյա լեյտենանտը ինքնասպան է եղել:
Նազարյանին ինքնասպանության դրդելու մեջ մեղադրվող հինգ ամբաստանյալները հայտարարում են, թե իրենք անմեղ են:

Ամբաստանյալի հոր պնդմամբ` առանցքային վկային ծեծել են
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG