Մատչելիության հղումներ

Հոգեբանները հավաստում են, որ երեխայի մոտ հայտնաբերած ընդունակությունը կարող է խաբուսիկ լինել, այդ պատճառով էլ սկզբում հարկավոր է դիմել համապատասխան մասնագետների:

15-ամյա Արմանը 5 տարեկանից հաճախել է ֆուտբոլի: Իր ընդունակությունների մասին ավելի շատ տեղեկացել է բակում խաղալիս, երբ մոտակայքում նրան հետեւող մի մարզիչ նկատեց իրեն ու դիմեց տղայի ծնողներին` համոզելով վերջիններիս երեխային տանել ֆուտբոլի խմբակ:

Սպորտով զբաղվելու տարիներին Արմանի համար ֆոտւբոլը նպատակ էր, սակայն վնասվածքից հետո ստիպված էր հրաժարվել դրանից. - «Շատ էի սիրում ֆուտբոլը, սակայն ծնողներս դեմ էին: Սկզբից ֆուտբոլի հանդեպ լուրջ էի տրամադրված, միայն ֆուտբոլի մասին էի մտածում, մնացածը երկրորդական էր, սակայն երբ ավելի ուշ վնասվածք ստացա, կենտրոնացա ուսման վրա»:

«Շատ կարեւոր է տվյալ ոլորտի մասնագետի հետ զրուցելը», - նշում է հոգեբան Կարինե Նալչաջյանը: - «Գուցե հարկավոր է ինչ-որ մի պահից հետո սկսել պարապմունքները: Երբ այդ ամենը դառնում է ստիպողական ուսումնական պրոցես, երեխան կարող է, օրինակ, ամբողջ կյանքի ընթացքում այլեւս չմոտենալ իր սիրած երաժշտական գործիքին»:

«Եթե նույնիսկ ծնողը նկատում է, որ երեխան հաջող գործունեություն է ծավալում ինչ-ինչ ոլորտներում եւ ինչ-որ ընդունակություններ են շոշափվում, հարկավոր է մասնագետների հետ անպայման խորհրդակցել: Երբ դա դառնում է ստիպողական ուսումնական պրոցես, մանավանդ փոքր տարիքում, երեխայի մոտ կարող է խորշանք առաջանալ դրա նկատմամբ եւ ամբողջ կյանքում, օրինակ, երեխան դաշնամուրին չմոտենա», - նշեց հոգեբանը:

7-ամյա Դավիթի մայրը` Սյուզաննան, պատմում է, որ 5 տարեկանում Դավիթի մոտ շախմատի հանդեպ սեր առաջացավ: Այնուհետեւ որոշ ժամանակ անց Դավիթը համոզեց մայրիկին, որ իրեն կիթառի տանեն: Արվեստի դպրոցի տնօրենն ու փոխտնօրենը փորձում էին համոզել երեխային, որ իր տարիքի համար կիթառ սովորելը դեռ շուտ է, քանի որ կան տեխնիկական բարդություններ: Սակայն 7-ամյա երեխան իրենը պնդեց, ու շատ կարճ ժամանակամիջոցում սովորեց կիթառ նվագելու նրբություններն ու տեխնիկան.

«Երկու տարի հաճախեց շախմատի, կարգ ստացավ, հետո սեպտեմբերի 1-ին ասաց, որ չի ուզում գնալ շախմատի, ուզում է գնալ կիթառի: Տարա արվեստի դպրոց: Տարիքը փոքր էր, չէին ընդունում` 7 տարեկան: Ասում էր` չէ, ես կիթառ եմ ուզում նվագեմ: Հետո ընդունեցին, Դավիթը սովորեց նոտաները շատ շուտ: Հիմա նվագում է», - պատմեց Սյուզաննան:

Դավիթի մայրը հիշում է, որ ինքն էլ հաճախել է տարբեր խմբակների, բայց ամեն ինչ կիսատ է թողել: Այդ պատճառով էլ աշխատում է, որ իր երեխան մինչեւ վերջ հաճույքով իրեն դրսեւորի նախընտրած ոլորտներում:

Հոգեբանը բացատրում է, որ ծնողը հաճախ նույնացնում է իր եւ երեխայի ցանկությունները: Ստիպողաբար երեխան կտիրապետի որոշ տեխնիկական նրբությունների, սակայն ամբողջ կյանքում կարող է մեղադրել ծնողներին տհաճ պարապմունքների եւ դրանց անհաջող հետեւանքների համար. - «Ծնողը, ասենք, դաշնամուր չի ունեցել, առաջին հերթին երեխային դաշնամուր է նվիրում, հետո էլ տառապանքներ ունենում, երբ տեսնում է` երեխան անտարբեր է կամ հրաժարվում է մոտենալ գործիքին: Պետք չէ ստիպել, որովհետեւ նա կարող է դառնալ միջակ, անհաջողակ մասնագետ»:

Հաճախ նաեւ կոնֆլիկտ է առաջանում հոր եւ որդու միջեւ: Գեղագիտական հետաքրքրություն ունեցող զավակին հաճախ հայրը ստիպում է իրեն նմանվել, զբաղվել բիզնեսով, սակայն շատ կարեւոր է հաշվի առնել տղայի իրական ցանկությունները, չէ որ խոսքը երկու միանգամայն տարբեր մարդկանց մասին է:

XS
SM
MD
LG