Մատչելիության հղումներ

Վիլնյուսում, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպումը, երեքշաբթի օրը հայտարարություն է ընդունվել Լեռնային Ղարաբաղի հարցով։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական գործերով նախարար Ժան Լեոնետիի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի ստորագրած հայտարարությունում վերահաստատված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու կարեւորությունը։

Հիշատակելով 2008 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված հռչակագիրը, ինչպես նաեւ 2008 թվականին Հելսինկիում, 2009-ին Աթենքում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպումներում, 2010-ի ԵԱՀԿ-ի Աստանայի գագաթնաժողովում իրենց երկրների հայտարարությունները, հինգ պատվիրակությունների ղեկավարները համաձայնել են, որ պետք է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ձեւաչափում եւ բարելավել մթնոլորտը` դեպի խաղաղ կարգավորում առաջընթաց արձանագրելու համար։ «Նրանք համաձայնեցին, որ որպես այդ ուղղությամբ քայլերից մեկը` պետք է գործադրվեն հետագա ջանքեր` աշխատելու հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմի մանրամասների վրա, որը բխում է 2011 թվականի Սոչիի գագաթնաժողովում նախագահներ Ալիեւի, Սարգսյանի եւ Մեդվեդեւի արած հայտարարությունից», - ասված է փաստաթղթում, որի տեքստը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում։

Մատնանշելով այս տարվա մայիսին Դովիլում իրենց երկրների նախագահների ընդունած հայտարարությունը, որում Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ էր արվում վերջնական տեսքի բերել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքները, Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները ափսոսանք են հայտնում, որ կողմերը ի վիճակի չեղան ձեռնարկել այդ վճռական քայլերը։ Երեք երկրների պատվիրակությունների ղեկավարները վերստին շեշտում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, եւ որ ՄԱԿ-ի խարտիան, Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, 2009 թվականին Լ՛Ակվիլայում ու 2010 թվականին Մուսկոկայում իրենց նախագահների արած համատեղ հայտարարություններում ուրվագծված տարրերը «անընդունելի ստատուս քվոն հաղթահարելով խաղաղ կարգավորման հասնելու ուղի են առաջարկում բոլոր կողմերին»։

«2007 թվականին Մադրիդում կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի հանդիպումից հետո ընթացած` այդ թվում ամենաբարձր մակարդակով ինտենսիվ բանակցությունների լույսի ներքո, երեք պատվիրակությունների ղեկավարները կողմերին հորդորեցին շարունակել ուշադրությամբ դիտարկել առաջարկները, որ համանախագահ երկրները տրամադրել են իրենց», - ասված է Վիլնյուսում ընդունված հայտարարությունում։

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարությունում բարձր են գնահատում «իրենց երկրներին համընդգրկուն խաղաղ կարգավորման շրջանակի հասնելու գործում ցույց տված աջակցության համար համանախագահ երկրների ջանքերը, այդ թվում` նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի անձնական ներգրավվածությունը»։ «Նրանք տեղեկացրեցին համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներին, որ իրենց նախագահները պատրաստ են կրկին հանդիպել մոտ ապագայում` համանախագահ երկրների հովանու ներքո, հիմնվելով վերջին շրջանի փորձի վրա, շարունակելու ուղիղ երկխոսությունը` իրենց ժողովուրդներին խաղաղություն, կայունություն եւ բարգավաճում բերելու ուղղությամբ», - ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG