Մատչելիության հղումներ

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այսօր Շենգավիթի թաղապետարանի անձնակազմին ներկայացրեց վարչական շրջանի նոր ղեկավարին` Արմեն Սարգսյանին: Սարգսյանը մինչ այդ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետն էր:

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից երեկ հրաժարական տված Սարգիս Հովհաննիսյանը վարչական շրջանի նոր ղեկավարի ներկայացմանը չէր եկել, թեեւ սովորաբար նախկին թաղապետերը մասնակցում են իրենց փոխարինելու եկած նորերի պաշտոնակալությանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը փոխանցեց, որ բացակայում է առողջական խնդիրների պատճառով:

Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանը միաժամանակ տեղյակ չէր, թե ով է նորանշանակ թաղապետը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Շենգավիթ համայնքը 5 տարի ղեկավարելուց հետո ինչո՞ւ որոշեց հրաժարական տալ, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Այսքան տարի աշխատեցինք: Թող նոր մարդիկ գան, նոր ծրագրեր իրականացնեն»:

Սարգիս Հովհաննիսյանի հրաժարականը անակնկալ էր թաղապետարանի աշխատակիցների համար, որոնք «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասում էին, որ անցյալ շաբաթ Հովհաննիսյանը ժողով է գումարել եւ հեռանալու մասին որեւէ խոսք չի ասել: Այս առնչությամբ նախկին թաղապետը ասաց, որ աշխատակիցներին իր ծրագրերի մասին տեղեկացնելը նպատակահարմար չի համարել:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, նա նաեւ ասաց, որ իրեն ոչ ոք չի ստիպել, եւ չէր կարող ստիպել հրաժարական տալ, իսկ հրաժարականն էլ նոր քաղաքապետի` Տարոն Մարգարյանի ընտրությամբ չի պայմանավորված: Թե ինչով է այսուհետ զբաղվելու` Շենգավիթի արդեն նախկին թաղապետը չասաց:

Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանը հրաժարվեց այսօր մեր հարցերին պատասխանել: Վերջին կադրային փոփոխությունների վերաբերյալ հարցազրույցից հրաժարվեց նաեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանը` խորհուրդ տալով հարցերն ուղարկել գրավոր:

Շենգավիթ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արմեն Սարգսյանը Շենգավիթի նախկին թաղապետ Մարտին Սարգսյանի ազգականն է, ով էլ, ըստ մամուլի հրապարակումների, սերտ հարաբերությունների մեջ է եղել Տարոն Մարգարյանի հոր` Անդրանիկ Մարգարյանի հետ:

Հիշեցնենք, շուրջ երկու շաբաթ առաջ էլ փոխվեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը. Էդուարդ Մուշեղյանի հրաժարականից հետո այս պաշտոնում նշանակվեց նրա տեղակալը` Հրայր Անտոնյանը, ով ըստ շրջանառվող լուրերի, Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերն է:

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը, ինչպես Հրայր Անտոնյանի նշանակումից հետո, այնպես էլ այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ որեւէ կադրային նշանակում պայմանավորված չէ «անձնական մտերմության սկզբունքով»:

«Փոփոխությունները բնական պետք է համարել. դրվում են որոշակի պահանջներ, ծրագրեր: Քաղաքի կառավարումը պետք է համահունչ լինի դրանց: Եվ, ի վերջո, եթե մարդիկ ազատվում են աշխատանքից սեփական դիմումի համաձայն, չեմ կարծում դրա մեջ ինչ-որ բան կարելի է փնտրել», - ասաց Սարդարյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG