Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզի Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում է կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Քաջարան գյուղի հանքերը, ըստ համայնքի բնակիչների, նախատեսվում է ընդլայնել սահմանամերձ գոտու բեռնաթափման հաշվին. հանքի շահագործման հաշվին քանդվելու է գյուղի գերեզմանատունը:

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վրդովմունքով փաստեց, որ իրենք այդ մասին տեղեկացել են մամուլից եւ իրենց կարծիքը բացարձակապես հաշվի չի առնվել, չի կազմակերպվել որեւէ հանրային քննարկում: Գյուղապետի խոսքով, իրենք բողոքներ են հղել թե' կոմբինատի ղեկավարությանը, թե' կառավարությանը, եղել են հանդիպումներ, սակայն հարցը մնացել է առկախ: Ըստ Աթայանի` իրենք փոխհատուցման հարց չեն բարձրացում եւ առհասարակ դեմ են իրենց տարածքները հանձնելուն: «Ողջ գյուղով կանգնած ենք, եթե պնդեն, արյունահեղություն է լինելու», - հավաստիացրեց գյուղապետը:

«Կոմբինատի տնօրինությանը բազմիցս հանդիպել ենք, որոշակի պայմանավորվածություն ենք ձեռք բերել, բայց հիմա մնացել ենք օդից կախված: Կոմբինատը անընդհատ տեխնիկա է մտցնում տարածքը շահագործելու համար, մենք տեխնիկան հանել ենք, իրենք հանդիպել են գյուղացիների դիմադրությանը, արյունահեղություն է կատարվելու», - ասաց Աթայանը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 60 տոկոսի սեփականատերը գերմանական «Քրոնիմետ» ընկերությունն է, բաժնետոմսերի 15 տոկոսը պատկանում է «Մաքուր երկաթ» գործարարին, «Զանգեզուր մայնինգ»-ը եւ «Արմենիան մոլիբդեն պրոդաքշըն»-ը ունեն 12.5-ական տոկոսի բաժնետոմսեր:

«Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այս վիճակը, մի սահմանամերձ, պատմական գյուղ զոհաբերում են հանուն օտարերկրացի գործարարի», - ասում է Քաջարանի գյուղապետը:

Գյուղի այն բնակիչներին, ովքեր աշխատում են կոմբինատում, ըստ գյուղապետի, արդեն սկսել են սպառնալ, որ ընդդիմանալու դեպքում աշխատանքից կհեռացնեն: Գյուղն արդեն, Աթայանի խոսքով, գրեթե ամբողջովին փոշով է ծածկված:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի երեւանյան գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին խորհուրդ տվեցին կապվել Քաջարանի գրասենյակի հետ, սակայն նրանց հետ կապվել չհաջողվեց: Իսկ հարցին, թե որքանո՞վ է հիշյալ տարածքներում հանքի շահագործումը համապատասխանում բնապահպանական նորմերին, բնապահպանության նախարարությունից խոստացան պարզաբանումներ ներկայացնել ավելի ուշ:

Մինչդեռ «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հանքի ընդլայնման արդյունքում հավանական բնապահպանական ռիսկերի գնահատումը ոչ միայն հկ-ն, այլեւ այդ տարածքները բացառիկ գերակա շահ ճանաչած կառավարությունը չունի:

«Այսինքն ռիսկեր կան, ռեալ աղտոտում կա, եւ մենք արդեն գիտենք, որ օրինակ, Քաջարան քաղաքից սկսած մինչեւ Կապան` մի հսկայական տարածք, արդեն աղտոտված է ծանր մետաղներով: Քաջարան գյուղը Քաջարան քաղաքից մի փոքր բարձր է տեղակայված: Իհարկե, փոշին նստում է Քաջարան գյուղի վրա, եւ դա տոքսիկ փոշի է, որ մոլիբդեն եւ տարբեր այլ ծանր մետաղներ է պարունակում, բայց գոնե ջուրը, որ նրանք ստանում են, դեռ այդքան աղտոտված չէ, քանի որ գալիս է վերեւից: Ջուրը, որը հոսում է արդեն Քաջարան քաղաքից ներքեւ, արդեն լրիվ աղտոտված է: Մենք չունենք այդ գնահատումը, որովհետեւ քանի տարվա ընթացքում մեր կառավարությունը այդ գնահատումը չի տալիս», - ասաց Զարաֆյանը:

Քաջարանցիները պնդում են, որ բացի էկոլոգիական վտանգներից գյուղին սպառնում են նաեւ սոցիալական խնդիրներ:

«Գյուղացիներ կան, ովքեր զբաղվում են հողագործությամբ, իրենց ապրուստը այդպես են հայթայթում: Այսօր սոցիալ-տնտեսական ծրագրեր են մշակում գյուղի մասին, բայց եթե գյուղին էկոլոգիական վնաս հասցնեն, ո՞վ պետք է ապրի այնտեղ», - «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում ասաց ծնունդով քաջարանցի Մերուժան Աթայանը:

Ինգա Զարաֆյանն ասաց, որ մարզի եւ կոմբինատի ղեկավարությանը իրենք էլ են փոխանցել Քաջարան գյուղի բնակիչների` իրենց տարածքներ անգամ արյան գնով պաշտպանելու պատրաստակամությունը: «Որեւէ արձագանք, սակայն նրանցից չստացանք», - տարակուսում է «Էկոլուր»-ի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG