Մատչելիության հղումներ

Լայնաֆորմատ ժապավենով լուսանկարները տարբերվում են կադրի եւ գույների որակական հատկանիշներով:

Արթուր Մրյանը լուսանկարչության հետ առնչվել է մանկուց: «Քեռիս լուսանկարիչ էր», - պատմում է նա: - «Նրա աշխատանքին հետեւելուս ընթացքում է սեր առաջացել դեպի լուսանկարչությունը»: Հիմա Արթուրը Հայաստանում բնակվող այն սակավաթիվ լուսանկարիչներից է, որ նկարում է ժապավենի վրա, բայց դա ոչ միշտ է հաջողվում, քանի որ ծախսերի հետ է կապված:

Ժապավենով նկարում է այն ժամանակ, երբ ֆինանսական հնարավորություն է լինում. - «Ժապավենը թանկ արժե: Բերում եմ Ամերիկայից, քանի որ այստեղ չկա: Թանկարժեք են նաեւ ժապավենը մշակելու համար նախատեսված նյութերը, որոնք նույնպես գնում եմ արտերկրից»:

Նա լուսանկարում է լայնամասշտաբ ֆոտոխցիկով, որի ժապավենը սովորոկանից տարբերվում է չափերով:

Արթուրը նշում է, որ ժապավենով եւ լայնաֆորմատ ֆոտախցիկով աշխատելը ծախսատար է, բայց որակյալ. - «Երբեմն մարդիկ նախընտրում են ծախսել քիչ՝ չկարեւորելով լուսանկարների որակը»:

Լայնաֆորմատ ֆոտոխցիկով նկարելը ավելի դժվար է, քան թվային ֆոտոապարատով նկարելը, քանի որ թվայինով աշխատելու դեպքում լուսանկարիչը հնարավորություն է ունենում լուսանկարելուց անմիջապես հետո տեսնել նկարը, ջնջել կամ ուղղել՝ եթե լավ չի ստացվել:

50 կադրանոց ժապավենը արժե 120 դոլար: Արթուրը նշում է, որ 100 կադր ստանալու համար ժապավենի եւ քիմիական նյութերի վրա, որով մշակում է ժապավենը, ծախսում է 350 դոլար:

Ֆրանսիայի Աղվանշե քաղաքի թանգարանում փետրվարից մինչեւ մայիս կգործի «Հայաստանի արտացոլումը» թեմայով ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արթուրի նկարած վանքերի լուսանկարները:

Արթուրի կինը՝ Իրինա Մրյանը նշում է, որ հնարավոր է Ֆրանսիայում կայանալիք ցուցահանդեսը լուսանկարչի աշխատանքը գնահատողների հետ ծանոթությունների առիթ հանդիսանա:

XS
SM
MD
LG