Մատչելիության հղումներ

logo-print

Սամվել Նիկոյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահ


Ազգային ժողովի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյան

Ազգային ժողովի նորընտիր նախագահ Սամվել Նիկոյան

Հայաստանի Ազգային ժողովը նոր նախագահ ունի: Երեքշաբթի կայացած փակ, գաղտնի քվերակության արդյունքներով 102 կողմ ձայներով խորհրդարանի խոսնակ ընտրվեց Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սամվել Նիկոյանը:

Խորհրդարանի ղեկավարի թափուր տեղի համար պայքարում էին երկու թեկնածուներ` Հանրապետականից Սամվել Նիկոյանը եւ ընդդիմադիր «Ժառանգություն»-ից Լարիսա Ալավերդյանը: Վերջինս ստացավ ընդամենը 4 կողմ ձայն:

Ընտրությունից հետո Նիկոյանը միանգամից չնստեց խորհրդարանի ղեկավարի իր նոր աթոռին: Նա սկզբում մոտեցավ իր մրցակցին` Լարիսա Ալավերդյանին, նրան ծաղիկներ նվիրեց: Պատգամավորները բուռն ծափերով արձագանքեցին Նիկոյանի այս քայլին:

Հանրապետականի թեկնածուն ուներ կոալիցիոն երեք կուսակցությունների աջակցությունը: «Ժառանգություն»-ը վեց պատգամավորով է ներկայացված խորհրդարանում: Որեւէ մեկի համար քվեարկության վերջնարդյունքը անակնկալ չէր, բայց դա չխանգարեց «Ժառանգության»-ը առաջադրում կատարել խորհրդարանի ղեկավարի թափուր տեղի համար: Ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց իր երեկվա ելույթում` յուրաքանչյուր հայ մարդ ունակ է այլընտրանք ստեղծելու: «Ժառանգության» թեկնածուին չպաշտպանեց Դաշնակցությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը, իրենք ազատ քվեարկության որոշում էին կայացրել:

Կեսօրից հետո քվեարկության եկած Սամվել Նիկոյանին հաշվիչ հանձնաժողովի անդամները տեղեկացրին. - «Լարիսային հարցրեցինք, ասաց, ես պարոն Նիկոյանի օգտին եմ քվեարկելու»: - «Ես էլ եմ նրա նման քվեարկելու, նրա օրինակին եմ հետեւելու», - պատասխանեց Նիկոյանը:

Նիկոյանը եղել է երկու գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, 2008-ին ղեկավարել է մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական նախկին ժամանակավոր հանձնաժողովը, ապա դարձել ԱԺ-ի փոխնախագահ։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները պնդում են, որ «մարտի 1-ի բացահայտումը տապալողները պարգեւատրվում են»: Լրագրողներից մեկը այսօր Նիկոյանին հիշեցրեց ՀԱԿ-ի այս պնդումը:

«Մարդը իր կենսագրության մեջ, իր աշխատանքային գործունեության ընթացքում ստիպված է լինում կատարել բազմաթիվ հանձնարարություններ` կուսակցական եւ պետական: Իսկ եթե ավելի անկեղծ ասեմ, ինձ համար հանրային նշանակություն եւ կարեւորություն [ունեցող աշխատանքը], որտեղ ես մեծ հոգի եմ դրել, էներգիա, առողջություն, կամք, դա մարտի 1-ի հանձնաժողովում իմ կատարած գործունեությունն էր», - ասաց Նիկոյանը:

Նիկոյանը այսպես արձագանքեց «Ժառանգության» հնչեցրած մտահոգություններին, թե ԱԺ-ի նախորդ երկու նախագահների պաշտոնանկությունների որոշումները ոչ թե ԱԺ-ում են ընդունվել, այլ նախագահական նստավայրում. - «Որեւէ պաշտոն որեւիցե անձի համար հավերժական չէ, եւ յուրաքանչյուր մարդ զբաղվում է այն գործով, ինչով ինքը ցանկանում է զբաղվել: Երկրորդը` այստեղ կարեւոր է նաեւ կուսակցության որոշումը, վերջ ի վերջո բոլոր խնդիրներում կուսակցությունն է որոշ կայացնում, թե ում առաջադրել»:

Նիկոյանն ասաց, թե ԱԺ-ի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատանքում որեւէ բան «սրբագրելու» խնդիր չունի:

«Ես պարոն Աբրահամյանի գործունեությունը ԱԺ-ի նախագահի պաշտոնում շատ դրական եմ համարում, բայց ինձ ճիշտ հասկացեք, յուրաքանչյուր մարդ իր լիազորությունների շրջանակում օրենքով եւ սահմանադրությամբ շեշտադրումներ է փոխում, որոշակի նոր ծրագրեր է իրականացնում, դա չդիտարկեք հակասությունների դաշտում, այլապես ստացվում է, որ ես անընդհատ նույնը պետք է կրկնեմ», - ասաց Նիկոյանը:

Նիկոյանը երեկ խոսել էր կառավարության հետ աշխատանքի գործելաոճից, ասելով, որ իբրեւ մեծամասնության ներկայացուցիչ` պետք է հանդիսանա կառավարության հենարանը, բայց նաեւ խոստացել էր, որ ընդունվող օրենքների որակը դրանից չի տուժի: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դա նշանակո՞ւմ է, որ խնդիր է տեսնում, երբ կառավարությունը օրինագծեր է ներկայացնում, որոնք առանց մանրակրկիտ քննարկման ընդունվում են, Նիկոյանը պատասխանեց. - «Ես պարտավոր եմ ստեղծել հնարավորություն, որպեսզի բոլոր օրենքների քննարկումը պատշաճ մակարդակով կազմակերպվի: Միանշանակ լինելու են պատգամավորների ցանկությունները, քննարկումները կազմակերպելու հնարավորություն»:

Քվեարկության ընթացքին հետեւող խորհրդարանի հաշվիչ հանձնաժողովի անդամ, «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը չէր նկատել միմյանց փոխարեն քվեարկություն եւ քվեարկության ուղղորդում:

«Պետք չէ որ ավելորդ ջանքեր կիրառել, որովհետեւ ամեն ինչ որոշվում է ոչ այստեղ ու ոչ այս քվեարկությամբ, ցավոք սրտի: Մեր երկիրը կուսակցապետություն է, եւ այն որոշումները, որոնք որ պետք է իրապես քվեարկությամբ եւ ընտրությամբ կատարվեն, ցավոք, դրանք այստեղ չեն որոշվում», - ասաց Բախշյանը:

Հանրապետական կուսակցությունը այսօր հավաքել էր իր ողջ ներուժը խորհրդարանի ղեկավար ընտրելու համար. այսօր խորհրդարան էին եկել նույնիսկ այն օրենսդիրները, որոնք վաղուց չէին եկել աշխատանքի: Խոսքը հիմնականում գործարար պատգամավորների մասին է, Սամվել Ալեքսանյանը եկել էր իր հաստատ որոշմամբ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Ժառանգության» անդամների հետ շատ լավ հարաբերություններ ունի, ո՞ւմ օգտին քվեարկեց, գործարար պատգամավոր պատասխանեց. - «Նիկոլյանի, Ձեր համար պա՞րզ չէ` ում օգտին պետք է քվեարկեմ»:

ԱԺ-ի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 21-ից, երբ հրաժարական ներկայացրեց խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Նա այսօր հրաժարականից հետո առաջին անգամ մասնակցեց խորհրդարանական աշխատանքին եւ ընտրեց ԱԺ-ի նոր ղեկավարին: Նրան չէին սպասում, Անահիտ Բախշյանը շտապել էր բացակա դնել Աբրահամյանի անվան դիմաց: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե չի փոշմանել, որ հրաժարվել է հանրապետության երկրորդ պաշտոնից, Աբրահամյանը պատասխանեց. - «Ոչ, մինչեւ թողնելը մտածել, նոր եմ թողել, չէ՞»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG