Մատչելիության հղումներ

Տնտեսագետ Սամվել Ավագյանը կասկածում է, թե գալիք ինը տարիների ընթացքում կառավարությանը կհաջողվի երեքից հինգ անգամ ավելացնել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալը` նշելով, որ եթե առաջիկայում կառավարությունը չիրականացնի ենթակառուցվածքային բավականին լուրջ ծրագրեր, մինչեւ 2020 թվականը հնարավոր չի լինի կյանքի կոչել հայտարարված նպատակները:

«Ոչ ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկը ասում է, որ նման արդյունք ապահովելու համար հարկավոր է տարեկան 25-30 տոկոսի սահմաններում արտահանման աճ ապահովել 9 տարի շարունակ: Ես չէի ասի, որ դա անիրատեսական ծրագիր է, սակայն միանշանակ կարելի է ասել, որ ռիսկեր շատ կան, եւ այդ ծրագրի իրականացումը կախված է մի շարք այլ ծրագրերի իրականացումից` հիմնականում ենթակառուցվածների ու ֆինանսական համակարգում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը ասաց Ավագյանը:

Երեկ Երեւանում` «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Էկոնոմիկայի նախարարության պատվերով մշակված «Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությունը» ռազմավարության մասին, նշեց, թե, ըստ այդ ռազմավարության, նախատեսվում է մինչեւ 2020 թվականը երկրից արտահանվող ապրանքների ծավալը ավելացնել մոտ երեք անգամ` հասցնելով տարեկան մինչեւ 3.3 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Ի դեպ, անցած ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Գագիկ Մինասյանը նշեց այլ թիվ` մինչեւ 5.5 միլիարդ դոլարի:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, անցած տարի, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանից արտահանվել են 1 միլիարդ 11 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք:

Ռազմավարության համաձայն, եթե 2010 թվականին Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 2/3-րդը` ավելի քան 600 միլիոն դոլար, կազմել են մետաղական հանքահումքային արտադրանքը եւ ադամանդը, ապա ակնկալվում է, որ ինը տարվա ընթացքում` վերամշակող արդյունաբերության աճի արդյունքում, հանրապետությունից կսկսեն ավելի շատ արտահանել արդյունաբերական ապրանքներ, որոնք 2020 թվականին կկազմեն Հայաստանից արտահանվող ողջ ապրանքների շուրջ կեսը: Այսինքն` առաջիկա տարիներին պետք է փոխվի նաեւ արտահանման կառուցվածքը:

Սամվել Ավագյանը նշեց, թե ծրագրի իրականացման ընթացքում կարեւոր դեր կխաղան երկու գործոններ: Առաջինը դրամի փոխարժեքի հարցն է: Ավագյանը հիշեցրեց, որ անցած տարիներին դրամի արժեվորումը վնասեց հայկական արտահանմանը: Երկրորդը ենթակառուցվածքների խնդիրն է. - «Հայաստանը ունի ծրագիր` Իրան – Հայաստան երկաթուղու կառուցման եւ Հյուսիս – Հարավ ավտոճանապարհի կառուցման: Եթե այս ծրագիրը իրականացվում է առաջիկա 5-6 տարիների ընթացքում, ինքը հետագայում կապահովի այդ թռիչքաձեւ աճը, որովհետեւ Իրան – Հայաստան երկաթուղին Հայաստանը կապում է միանգամից Միջին Ասիայի հետ»:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանի խոսքով, եթե անգամ առաջիկա տարիներին Հայաստանի արդյունաբերությունը կարողանա մի քանի անգամ ավելի ապրանք արտադրել, խնդիր կլինի այդ ապրանքների իրացումը դրսի շուկաներում:

EV Consulting խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանի կարծիքով, առաջարկվող ծրագրի գլխավոր նպատակն է` փոխել Հայաստանի տնտեսական մոդելը, որպեսզի առաջիկայում հանրապետության տնտեսական աճը հիմնվի արտահանման եւ ոչ թե, օրինակ, շինարարության վրա, ինչպես նախորդ տարիներին էր:

Նշենք, որ կառավարությունը հենց EV Consulting ընկերությանն է պատվիրել մշակել Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը:

«Սա նաեւ պետք է լինի մասնավոր հատվածի ծրագիրը եւ ստրատեգիան, այլ ոչ թե պետության ծրագիրը», - ասաց Հերգնյանը: - «Իհարկե, կյանքը իր ճշգրտումները կմտցնի... Կարեւորը նա է, որ դրված թիրախները բացարձակ աքսիոմ չեն: Կարեւորը այն պոզիտիվ դինամիկան է, որ տեղի կունենա: Կարեւոն այն է, որ այս պլանները լինեն ե’ւ պետությանը, ե’ւ մասնավոր հատվածինը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG