Մատչելիության հղումներ

logo-print
Չորրորդ գումարման Ազգային ժողովը երրորդ անգամ է նախագահ ընտրում: Իշխող Հանրապետական կուսակցությունը առաջադրեց Սամվել Նիկոյանի թեկնածությունը: Այլընտրանքով հանդես եկավ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը. նրանց թեկնածուն Լարիսա Ալավերդյանն է:

«Ժառանգություն»-ը մտածված ձեւով առաջարկել է այլընտրանքը: Վաղը չասեք` Դավիթը գող-գող եկավ ու գնաց», - հայտարարեց Ալավերդյանը:

Նիկոյանը եղել է երկու գումարումների Ազգային ժողովի պատգամավոր, 2008-ին ղեկավարել է Մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական նախկին ժամանակավոր հանձնաժողովը, ապա դարձել ԱԺ-ի փոխնախագահ: Լարիսա Ալավերդյանը պատգամավոր է 2007 թվականից, մինչ այդ նա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն էր: ԱԺ-ի նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 21-ից: Խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը ընտրություններից մոտ կես տարի առաջ հրաժարվեց հանրապետության երկրորդ պաշտոնից` պատճառաբանությամբ, որ գնում է ղեկավարելու Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը` շեշտելով, որ ուզում է իր բոլոր ուժերը նվիրել այդ աշխատանքին: Առաջադրելով իր թեկնածուին` իշխանությունը գովեստի խոսքեր հնչեցրեց ե'ւ Նիկոյանի, ե'ւ Լարիսա Ալավերդյանի հասցեին, բայց ինչպես «Բարգավաճ Հայաստան»-ից Վարդան Բոստանջյանն ասաց. - «Ամենահեշտ հարցն է, որոշումը կայացված է, ես Ձեզ շատ հարգում եմ, շատ սիրում եմ, բայց ի՞նչ անեմ, ոնց որ ձայնը պիտի տանք Նիկոյանին»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր ելույթում բացատրեց, թե ինչու իր կուսակցությունը թեկնածու առաջադրեց:

«Այս թեկնածությամբ «Ժառանգություն»-ը ուզում է մեր իշխող կուսակցությունների գործընկերների եւ շարքային քաղաքացիներին ասել, որ չի կարելի ճակատագրապաշտությամբ տառապել, որ յուրաքանչյուր հայ մարդ, քաղաքացի ունակ է, ունի այդ ուժը, իրավունքը այլընտրանք ստեղծել թե այսօր, թե վաղը, թե ընտրական գործընթացներում եւ ընդհանրապես», - հայտարարեց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» կարծիքով` ԱԺ-ը ինքնուրույնություն չունի, խորհրդարանի նախկին ղեկավարների պաշտոնաթողության որոշումները ԱԺ-ի պատերից դուրս են կայացվում, դրան գումարած էլ կառավարության կցորդն է, օրենսդիր մարմնում անհարիր գործընթացներ են տեղի ունենում, պատգամավորները քվեարկում են միմյանց փոխարեն, վիրավորական արտահայտություններ հնչեցնում միմյանց հասցեին:

«Ժառանգության» ներկայացուցիչները Սամվել Նիկոյանին հիշեցրին Առաքել Մովսիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վերջին տհաճ միջադեպն ու հարցրեցին, թե ԱԺ նախագահ ընտրելու դեպքում միջադեպերը կշարունակվե՞ն: Նիկոյանը խոստացավ, որ կբացառի նման միջադեպերի կրկնությունը:

«Այդ ծառայությունը ում է մատուցվում, ինձ համար եւս անհասկանալի է, եւ ես հասկանում եմ, որ ԱԺ-ի նախագահի կամ նիստ վարողի պարտականությունը ապահովելն է, որ խորհրդարանը բնականոն աշխատի», - ասաց Նիկոյանը:

Լարիսա Ալավերդյանը անելիք է տեսնում ԱԺ-ի մասին հասարակության կարծիքը փոխելու առումով: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք կբարձրացնի բուհերը ապակուսակցականացնելու հարցը, եթե ԱԺ-ի նախագահ ընտրվի: Հարցը ենթատեքստ ուներ. պատգամավոր նկատի ուներ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում տարածված միտումը` ԱԺ-ի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի տնտեսագիտական համալսարանի, իսկ Սամվել Նիկոյանը` Ճարտարագիտական համալսարանի խորհրդի նախագահն է:

«Այդպիսի պարտականություններ վերցնելը բավականին ծանր է բեռ է ցանկացած մարդու համար», - պատասխանեց Ալավերդյանը:

Սամվել Նիկոյանը ամբիոնից ԱԺ-ի դերի մասին խոսեց եւ ասաց, որ իբրեւ մեծամասնության ներկայացուցիչ` պետք է հանդիսանա կառավարության հենարանը, բայց նաեւ խոստացավ, որ ընդունվող օրենքների որակը դրանից չի տուժի: Նրա խոսքով` ինքը առաջին քայլերից մեկով վերացնելու խորհրդարան լրագրողների մուտքի սահմանափակումը: Այդ սահմանափակումը Հովիկ Աբրահամյանի խոսնակ եղած ժամանակ մտցվեց, երբ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները միայն նիստերի օրերին կարող են մտնել ԱԺ: ԱԺ-ի նախագահի թեկնածուն հորդորեց իր արած քայլերը եւ արտահայտած մտքերը, որոնք ինչ-ինչ ձեւով կարող են նաեւ տարբերվել իր նախորդների գործունեությունից, չդիտարկել հակասությունների համատեքստում:

«Հնարավոր է, որ որոշակի սրբագրումների եւ որոշակի շեշտադրումների փոփոխություններ լինեն, նորից եմ խնդրում` դա չդիտարկել հակասությունների եւ հակադրությունների դաշտում», - ասաց Նիկոյանը:

ԱԺ-ի նախագահի փակ, գաղտնի քվեարկությունը տեղի կունենա վաղը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG