Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյանը «վերականգնել է բյուջեին հասցրած վնասը»


Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում օրերս «տասնյակ միլիոնավոր դրամներ է փոխանցել պետական բյուջե»:

Մարգար Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցում հավելեց, որ թեեւ Օհանյանը չի ընդունում իրեն ներկայացվող մեղադրանքը, այդուհանդերձ վերականգնել է պետբյուջեին հասցված վնասը:

Մարգար Օհանյանը, հիշեցնենք, մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացումներ կատարելու համար: Նա մեղադրվում է մարզային ոստիկանությանը տրամադրված խոշոր չափերի բենզինը յուրացնելու մեջ:

Ճանապարհային ոստիկանության նախկին պետին առաջադրված մեղադրանքը կառուցվել է հիմնականում նրա չորս ենթակաների ցուցմունքների հիման վրա:

«Չնայած ինքը իրեն մեղավոր չի ճանաչում, մեղքը չի ընդունում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վասակյանը. - «Ընտանիքի կողմից, մեր կողմից այդ գումարը հավաքվել է եւ վերականգնվել է… մի քանի տասնյակ միլիոն դրամները»:

Հարցին, թե ինչու է Օհանյանը վճարել այդ գումարները` եթե իրեն մեղավոր չի ճանաչում, փաստաբանը արձագանքեց. - «Քանի որ իր ղեկավարված Ճանապարհային ոստիկանությունում է դա կատարվել, եւ իր պատվի եւ արժանապատվության խնդիր էր դա, այդ իսկ պատճառով վերականգնվել է»:

Վասակյանը ասաց, որ եթե Մարգար Օհանյանը արդարացվի, ապա այդ գումարները կվերադարձվեն:

Հարկ է հավելել, որ Մարգար Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին եւ առաջիկայում կուղարկվի դատարան:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG