Մատչելիության հղումներ

Քաղաքագետներ Ռուբեն Մեհրաբյանը եւ Գագիկ Ավագյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանում են ՌԴ Պետդումայի ընտրությունները:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը չի կարծում, թե Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքները էական փոփոխություններ կարող են մտցնել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փորձագետը, սակայն, կանխատեսեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը ընդհանուր առմամբ որոշակի փոփոխություններ կկրի` վերստանալով «պուտինյան ժամանակների հոխորտալից ոճը». - «Ինչ-որ տեղ նաեւ կոնֆրոնտացիոն, ավելի քիչ հակված կոմպրոմիսների, բայց այնուամենայնիվ սա այլեւս այն Ռուսաստանը չէ, ինչ որ, ասենք, չորս-հինգ տարի առաջ»:

Հարցին, թե այդ «հոխորտալից ոճը» ինչ անդրադարձ կարող է ունենալ կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների վրա, փորձագետը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այդ հոխորտանքը տեղալու է ավելի շատ Արեւմուտքի ուղղությամբ, քան հետխորհրդային տարածքի երկրների»:

Նրա դիտարկմամբ, Հայաստանում ծավալվող գործընթացները հաճախ նմանվում, իսկ երբեմն էլ գրեթե նույնությամբ կրկնում են ռուսաստանյան իրականությունը: Այս համատեքստում քաղաքագետն անխուսափելի է համարում այն, որ Հայաստանում իշխող քաղաքական ուժը, ինչպես դա եղավ «Եդինայա Ռոսիա»-ի պարագայում, նկատելիորեն քիչ ձայներ կհավաքի ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ. - «Ես կարծում եմ, որ դա անխուսափելի է, որովհետեւ այն պրոբլեմները, որ բնորոշ են ընդհանրապես հետխորհրդային տարածքին, բնորոշ են նաեւ Հայաստանին: Բացի դրանից, մենք ներկայումս ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ժողովուրդները ուղղակի զզվել են ավտորիտար վարչակարգերից, զզվել են նույն դեմքերից: Եվ այդ դժգոհությունը, ինչ խոսք, արտացոլվում է նաեւ ընտրությունների արդյունքներում»:

Մեհրաբյանը, սակայն, մի տեղային առանձնահատկություն է մատնանշում. - «Ռուսաստանն իր գրեթե անսպառ ռեսուրսների հաշվին կարողանում է կոմպենսացնել իր իշխանության կողմից կատարված ցանկացած հիմարություն, հայկական իշխանությունները նման ամրության պաշար, իհարկե, օբյեկտիվ պատճառներով չունեն: Հետեւապես այստեղ լուծումները կրելու են այլ բնույթ, քան Ռուսաստանում»:

Ռուսաստանյան ընտրությունների ընթացքը բնորոշվեց նաեւ մի շարք տեղեկատվական կայքերի խափանման աղմկահարույց փաստերով: Մեհրաբյանը միանգամայն հնարավոր է համարում այս իրողության կրկնությունը Հայաստանում. - «Նաեւ չեմ բացառում, որ բջջային կապն էլ անջատվի, որովհետեւ Հարավային Օսեթիայում մենք տեսանք այդ այսպես ասած «սպեցօպերացիան», որը ընտրությունների ժամանակ իրականացվեց, եւ ռուսական բջջային կապ տրամադրող մոնոպոլիստ ընկերությունը տեխնիկական պատճառներով ուղղակի անջատեց բջջային կապը եւ ինտերնետը: Իսկ մեզ մոտ գիտենք հիմնական կապի պրովայդերները ովքեր են»:

«Կովկասյան ֆորում» կազմակերպության Հայաստանի համակարգող, քաղաքագետ Գագիկ Ավագյանը եւս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց Պետդումայի ընտրությունների արդյունքների որեւէ ազդեցություն Երեւանի եւ Մոսկվայի հետագա հարաբերությունների վրա:

Ըստ Ավագյանի, Ռուսաստանում իշխող կուսակցությանը բաժին հասած ձայների նվազումն առանձնապես էական չէր, եւ բացի այդ, Պետդուման առհասարակ Ռուսաստանում «քաղաքականություն որոշող մարմին չէ»:

«Ռեալ ոչ մի բան Պետդումայում չի փոխվել: Առավել եւս` ինչպես արդեն ասվել է Պետդումայի նախագահ Գրիզլովի կողմից` Պետդուման քննարկումների տեղ չէ… Ֆանտաստիկ մի ձեւակերպում է տվել: Պարզապես դա ձեւական մի կառույց է, որը շտամպեր է դնում ուրիշ տեղ ընդունված որոշումների վրա», - հավելեց Ավագյանը:

Խոսելով Ռուսաստանում եւ Հայաստանում քաղաքական գործընթացների նմանության ու փոխկապակցվածության մասին` փորձագետը նշեց, որ այս համատեքստում որոշակի ազդեցություններ կարող են լինել. - «Չնայած մենք, իհարկե, մեր սեփական մեծ նվաճումներն ունենք ընտրությունների խեղաթյուրման մեջ, բայց Ռուսաստանը ցույց տվեց խեղաթյուրման նոր ձեւեր, որոնք, ինձ թվում է, բնականաբար, կկիրառվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG