Մատչելիության հղումներ

Ապամոնտաժվում է «Փարիզյան սուրճ» բացօթյա սրճարանը


«Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի սեփականատեր Աշխեն-Վալերի Գործունյանը:

«Փարիզյան սուրճ» խանութ-սրճարանի սեփականատեր Աշխեն-Վալերի Գործունյանը:

«Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր, ֆրանսահայ գործարար Աշխեն-Վալերի Գործունյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ շաբաթ օրը Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները իրեն խնդրել են ապամոնտաժել սրճարանի բացօթյա հատվածը:

«Որովհետեւ քաղաքապետը որոշել է, որ պետք է… Աբովյան փողոցը մաքրվի: Անշուշտ, որովհետեւ մենք չուզեցինք խնդիր ստեղծել, մենք սկսեցինք հանել: Այսօր ես դիմեցի պարոն քաղաքապետին, որ ինձ ընդունի, եւ ես փորձեմ հասկանալ, թե ինչու հենց «Փարիզյան սուրճը» պետք է քանդվի», - փոխանցեց Գործունյանը:

Բացօթյա սրճարանի մի մասն արդեն ապամոնտաժված է, մյուսը դեռ շարունակում է գործել, սակայն, սեփականատիրոջ խոսքով, թաղապետարանի աշխատակիցներն ասել են, որ պետք է ազատվի ամբողջ տարածքը, իսկ այդ դեպքում, Գործունյանի խոսքով, ինքը չի կարողանա եկամուտ ունենալ միայն փակ տարածքի հաշվին, եւ սրճարանը կփակվի:

Ֆրանսահայ գործարարի կարծիքով, պատահական չէ, որ իր սրճարանից են սկսել. - «Շատ խնդիրների առջեւ եմ գտնվել, փորձել եմ հաղթահարել այդ ամեն ինչը: Ես իբրեւ սփյուռքահայ, իբրեւ կին, իբրեւ միայնակ կին, անընդհատ նման պատմությունների մեջ եմ եղել: Կարող է իմ ընկալումը սխալ է, իմ մոտեցումը սխալ է Հայաստանի բիզնեսի նկատմամբ… Ամեն անգամ ես խնդիրներով եմ մեծանում եւ հասկանում` ինչ է բիզնեսի հասկացողությունը Հայաստանում: Եվրոպայում մի քիչ տարբեր է: Եվ ամեն անգամ հարվածելով ինձ` դաս են տալիս: Մինչեւ հիմա դիմացել եմ այդ ամեն ինչին»:

Գործունյանը հավելեց, թե քանի դեռ բիզնեսում գործում են «ասիական մոտեցումները», Հայաստանում ներդրողների համար շատ դժվար է լինելու:

«Ես ուզում եմ հավատալ, որ ինձ ասելու են, որ կարող եմ մնալ, որովհետեւ դուք պատմություն ունեք Երեւան քաղաքի հետ, տասնվեց տարին քիչ ժամանակ չէ: Հույս ունեմ: Տեսնենք… եթե ասեն ոչ, ես ոչ մի բան չեմ կարող անել, ես չեմ կարող պայքարել ոչ քաղաքապետի դեմ, ոչ էլ օրենքի դեմ», - ասաց Աշխեն-Վալերի Գործունյանը:

Սրճարանի սեփականատերը հիշեցնում է, որ տարածքը կանաչապատել է, որեւէ հիմնական շինություն չի կառուցել:

Պատմեց, որ Փարիզի քաղաքապետը վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում խոստացել է օգնել նմանատիպ սրճարան բացել նաեւ Փարիզում` «Երեւանյան սրճարան» անվանումով:

Երեւանի քաղաքապետարանում, սակայն, պնդում են, որ բացօթյա սրճարանն ապամոնտաժելու պահանջ դրված չէ: Քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի փոխանցմամբ, խնդիրն այն է, որ «Փարիզյան սուրճ»-ի սեփականատերը բացօթյա սրճարանը միայն ամռանը շահագործելու թույլտվություն ունի, մինչդեռ ձմռանը տարածքը պոլիէթիլենային ծածկով փակելով` ջերմոցային տպավորություն է ստեղծվում, ինչը չի համապատասխանում ընդհանուր քաղաքաշինական նորմերին. - «Ընդամենը ոչ թե ապամոնտաժման, այլ պոլիէթիլենային ծածկը հանելու խնդիր է դրվել»:

Աշխեն-Վալերի Գործունյանը, սակայն, հակադարձում է` պնդելով, որ իրենից պահանջել են ազատել ամբողջ տարածքը, հանել մետաղյա ձողերը եւ հովանոցները:

«Ուղղակի «Փարիզյան սուրճ»-ը կմեռնի, որովհետեւ այն հենց դրսի սրճարան է», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG