Մատչելիության հղումներ

Զինվորի մահվան կապակցության հարուցվել է քրեական գործ


Երկու օր առաջ բանակում մահացած զինվորի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ դեռեւս ձերբակալվածներ չկան: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքասպանության փորձի հասցնելը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տաի ժամկետով:

Քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ դեկտեմբերի 3-ին, կեսգիշերին զորամասում պահակակետի հերթափոխության ժամանակ հայտնաբերվել է Գյումրիից զորակոչված Նարեկ Դավթյանի դին: Զինվորի դին եղել է պահակակետում, որտեղ նա ժամապահություն էր կատարում: 6 ամիս առաջ բանակ զորակոչված Դավթյանի ծնոտի տակ առկա են եղել մահացու հրազենային վիրավորման հետքեր:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը կրկին հայտարարում է, որ քանի դեռ իշխանությունն ու բանակը սերտաճած են, իշխանությունները բանակի վերնախավին վատություն չանելու համար կշարունակեն կոծկել բանակում կատարվող հանցագործությունները, ինչն իր հերթին ազդում է բանակում մահվան դեպքերի աճի վրա: Դանիելյանը համարում է, որ քնքնասպանությունների դեպքերի համար պատասխանատվությունն ընկնում է առաջին հերթին բանակի վերնախավի վրա:

«Բանակի ներքեւի օղակները կապված են բանակի վերեւի օղակների հետ, վերեւի հրամանատարական կազմը կապված է գեներալիտետի հետ, գեներալիտետը` իշխանության հետ: Իշխանությունը, օգտագործելով բանակին, կոծկում է բանակի ներսում կատարված հանցագործությունները: Նրանք մտածում են, որ եթե գործը գնա ինքնասպանության հոդվածով, ապա իրենք մեղավոր չեն: Բայց եթե մարդը ինքնասպանություն է գործում, իրենք միանշանակ մեղավոր են», - ասաց իրավապաշտպանը:

Մեկ ամիս առաջ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացրել էր, որ բանակը խիստ վերահսկողության ներքո է եւ պատասխանատուները անում են հնարավորը կատարելագործելու զինված ուժերը:

«Բոլոր դեպքերը, ըստ տարիների վերլուծության, գնում են դեպի նվազում, բայց յուրաքանչյուր մեկ դեպք էլ մեզ համար ողբերգություն է, մեզ համար անընդունելի է», - ասել էր նախարարը:

«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» կազմակեպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը իր տարակուսանքն է հայտնում իշխանության ներկայացուցիչների ցավակցական ելույթների առնչությամբ` ասելով, թե խոսելուց զատ, լուրջ քայլեր պետք է կատարվեն. - «Ամեն տարի զինվորական վերնախավը ասում է, որ մահվան դեպքերը նվազել են; Պետք է կամք դրսեւորեն եւ իրավիճակը շտկելուն ուղղված գործուն քայլեր ձեռնարկեն, անպատժելիության մթնոլորտը վերացնեն»:

«Մեր դիտարկումներով, մեծ մասամբ պատասխանատվության չեն ենթարկվում մարդիկ», - պնդեց Ալեքսանյանը:

Հայաստանցի իրավապաշտպանների տվյալներով, սա արդեն այս տարի Զինված ուժերում արձանագրված 33-րդ դեպքն է, որոնցից միայն 11-ն է մահացել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Մնացածը մահացել են կանոնակարգային հարաբերությունների խախտման արդյունքում:

Պաշտպանության նախարարությունը դեռեւս պաշտոնական թվեր չի հրապարակում:
please wait

No media source currently available

0:00 0:04:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG