Մատչելիության հղումներ

Վախճանվել է Բրազիլիայի հավաքականի նախկին ավագը


Բրազիլիա -- Հավաքականի նախկին ավագ Սոկրատեսը, հունիս 1985թ.
Բրազիլիա -- Հավաքականի նախկին ավագ Սոկրատեսը, հունիս 1985թ.

Անցած հինգշաբթի օրը նրան տեղափոխել են Սան Պաուլո քաղաքի հիվանդանոցի վերակենդանացման բաժին։

Բրազիլիայի ամենախոշոր քաղաքի` Սան Պաուլոյի հիվանդանոցում երեկ վաղ առավոտյան մահացել է Բրազիլիայի ֆուտբոլի առասպելական աստղ, հավաքականի նախկին ավագ Սոկրատեսը, որին ֆուտբոլային աշխարհում անվանել են «Ոսկե կրունկ»։

Անցած հինգշաբթի օրվանից 57-ամյա Սոկրատեսին փոխադրել են հիվանդանոցի վերակենդանացման բաժին` «սննդային սուր թունավորում» ախտորոշմամբ։

Բրազիլական ԶԼՄ-ների փոխանցմամբ, սննդային թունավորում է գրանցվել նաեւ Սոկրատեսի կնոջ եւ մնացած ազգականների մոտ, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Թունավորման հանգամանքների վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Սոկրատեսը (լրիվ անունը Սոկրատես Բրազիլիերո Սամպաո դե Սոուզա Վիերա դե Օլիվեիրա) Բրազիլիայի հավաքականի ավագն էր ֆուտբոլի աշխարհի 1982 եւ 1986 թվականների առաջնություններում։

Բրազիլիայում նա խաղացել է «Կորինտիանս», «Ֆլամենգո» եւ «Սանտոս» թիմերում, բացի այդ նա որոշ ժամանակ հանդես է եկել իտալական «Ֆիորենտինայում»։

Սոկրատեսը 63 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում եւ դարձել է 25 գոլի հեղինակ։

Սոկրատեսի կրտսեր եղբայրը` Ռային, հանդես է եկել Բրազիլիայի հավաքականի կազմում եւ 1994 թվականին ԱՄՆ-ում անցկացված առաջնությունում դարձել է աշխարհի չեմպիոն։

Իտալիայի հավաքականի անվանի ռմբարկու Պաոլո Ռոսսին, որի հեթ-տրիկի շնորհիվ իր երկրի հավաքականը 1982 թվականին 3-2 հաշվով քառորդ եզրափակիչում հաղթել է Բրազիլիային, մեծ հարգաքով է խոսել Սոկրատեսի մասին։

«Թվում էր, թե Սոկրատեսն ուրիշ դարաշրջանից է, նա բացառիկ երեւույթ էր, նրան հնարավոր չէր դասել այս կամ այն շարքը, նա բոլոր առումներով տարբերվում էր մնացածներից։ Դինամիկ խաղից եւ բարձրագույն տեխնիկայից զատ, նա աչքի էր ընկնում իր մտավորական պաշարով»,- ասել է Ռոսսին։

Մասնագիտությամբ բժիշկ Սոկրատեսը հայտնի էր որպես մտավորական, հասարակության կողմից սիրված, հայրենակիցների շրջանում մեծ հեղինակություն վայելող առաջադեմ քաղաքացի։

Սոկրատեսը նաեւ քաղաքական ակտիվություն է դրսեւորել, համաքաղաքացիներին կոչ անելով պայքարել 1964-1984 թվականներին երկրում իշխող զինվորական վարչակարգի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG