Մատչելիության հղումներ

logo-print

«Եդինայա Ռոսիան» հաղթանակ է տանում ընտրություններում


Ռուսաստան – Վարչապետ Վլադիմիր Պուտինը (ձախից) եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանում են «Եդինայա Ռոսիայի» կենտրոնական գրասենյակ ընտրատեղամասերի փակումից հետո, 4-ը դեկտեմբերի, 2011թ.

Ռուսաստան – Վարչապետ Վլադիմիր Պուտինը (ձախից) եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանում են «Եդինայա Ռոսիայի» կենտրոնական գրասենյակ ընտրատեղամասերի փակումից հետո, 4-ը դեկտեմբերի, 2011թ.

Անցած կիրակի Ռուսաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական տվյալները երկուշաբթի օրը ամփոփել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը:

«Եդինայա Ռոսիա»-ն ստանում է ձայների 49, 5 տոկոսը, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն` 13 տոկոսից մի քիչ ավելին, Ժիրինովսկու գլխավորած Ռուսաստանի լիբերալ-դեմոկտարական կուսակցությունը` շուրջ 12 տոկոսը, իսկ Կոմունիստական կուսակցությունը` ավելի քան 15 տոկոսը», - հայտարարել է ԿԸՀ-ի նախագահը:

Փորձագիտական շրջանակներում այժմ ամենահաճախ հնչեցվող հարցը հետեւյալն է` «Եդինայա Ռոսիա»-ն կորցրել է, ո՞վ է շահելու:

Թեեւ «Եդինայա Ռոսիա»-ն, իրոք, կորցրել է առնվազն 14 տոկոս (2007 թվականին կուսակցությունը ստացել էր ձայների 64 տոկոսը), պարզ մեծամասնություն կուսակցությունը Պետդումայում կունենա: Այդուհանդերձ, «Եդինայա Ռոսիա»-ն ստիպված կլինի կոալիցիայի մեջ մտնել խորհրդարանի ստորին պալատ անցած մյուս քաղաքական ուժերի հետ:

Կոմունիստները, ի դեպ, արդեն հայտարարել են, որ բացառում են «Եդինայա Ռոսիա»-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը:

Ընտրություններին մասնակցած ու 7 տոկոսի շեմը չհաղթահարած մյուս երեք կուսակցությունները` «Յաբլոկո»-ն, «Պրավոյե դելո»-ն եւ «Պատրիոտի Ռոսիի»-ն, չնչին տոկոսներ են հավաքել: «Յաբլոկո»-ն արդեն հայտարարել է, որ բողոքարկելու է ընտրությունների արդյունքները:

ԱՊՀ դիտորդական առաքելությունը խախտումներ չի արձանագրել: Ընտրությունները ընդհանուր առմամբ դրական են գնահատել նաեւ արեւմտյան դիտորդները` այդուհանդերձ նկատելով, թե «ապահովված չէին բոլոր կուսակցությունների հավասար իրավունքները»:

Ռուսաստանյան անկախ «Գոլոս» կազմակերպությունը, մինչդեռ, ահազանգում է բազմաթիվ խախտումների մասին:

Արեւմտյան մամուլի գրել է, թե ընտրությունների արդյունքները վկայում են, որ ռուսաստանցիները «հոգնել են «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից եւ [Մեդվեդեւ-Պուտին] տանդեմից»:

Հավելենք, որ փորձագետներից շատերը իրական ընդդիմություն չեն համարում ո'չ կոմունիստներին, ո'չ «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն, ո'չ էլ հատկապես Վլադիմիր Ժիրոնովսկու գլխավորած կուսակցությունը:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ռուսաստանյան բաժանմունքի ղեկավար Ելենա Պանֆիլովան հայտարարել է, որ ականատես է եղել մոսկովյան ընտրատեղամասերից մեկում տեղի ունեցած ընտրախախտմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG