Մատչելիության հղումներ

Բայդենը Գյուլին կոչ է արել արագացնել հայ - թուրքական կարգավորումը


Թուրքիա – Նախագահ Աբդուլա Գյուլը (ձախից) դիմավորում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին Անկարայի իր նախագահական նստավայրում, 2-ը դեկտեմբերի, 2011թ.

Թուրքիա – Նախագահ Աբդուլա Գյուլը (ձախից) դիմավորում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենին Անկարայի իր նախագահական նստավայրում, 2-ը դեկտեմբերի, 2011թ.

Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել արագացնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։

Թուրքական Hurriyet Daily News պարբերականի վկայությամբ` Բայդենը ասել է, թե դա թույլ կտա Միացյալ Նահանգների վարչակազմին կասեցնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ հետագա օրինագծերը Կոնգրեսում։

ԱՄՆ-ի փոխնախագահը Թուրքիայում մի շարք այլ հարցեր եւս քննարկել է: Ստամբուլում երիտասարդ թուրք գործարարների հետ հանդիպման ժամանակ Ջո Բայդենը այսպես է ներկայացրել իր թուրք գործընկերների հետ կայացած բանակցությունների արդյունքները. - «Մենք քննարկել ենք մեր սերտ համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում, իրավիճակն Իրաքում եւ Աֆղանստանում, արձանագրել ենք, որ Սիրիայի խնդրում համակարծիք ենք Թուրքիայի հետ: Մենք նաև հույս ունենք, որ Միացյալ Նահանգների երկու հաստատակամ դաշնակիցները` Իսրայելն ու Թուրքիան, կկարողանան բարելավել իրենց հարաբերությունները»:

Նա հավելել է, թե բանակցությունների ժամանակ քննարկվել է նաեւ Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը:

«Մենք անդրադարձել ենք Թուրքիայի սահմանադրական բարեփոխումներին, որոնք մեր համոզմամբ, կամրապնդեն թուրքական առանց այդ էլ բավական ուժեղ ժողովրդավարության դիրքերը», - նշել է Բայդենը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բայդենի այցի ընթացքում առանցքային հանդիպումը վարչապետ Էրդողանի հետ է եղել, որը կայացել է շաբաթ երեկոյան եւ տեւել մոտ երկու ժամ: Վարչապետ Էրդողանը ամերիկացի բարձրաստիճան հյուրին ընդունել է Ստամբուլի Սկյուդար շրջանում գտնվող իր տանը. բժիշկները մի քանի օր առաջ վիրահատել էին Էրդողանի ստամոքսը, եւ նա առայժմ ի վիճակի չէ լիարժեքորեն աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG