Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյան. «Մենք ավելի խորն ենք գիտակցում Հաշմանդամների օրվա ցավն ու խորհուրդը»


Դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել հայրենիքի հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում հաշմանդամ դարձած ազատամարտիկներին եւ զինծառայողներին։

Ուղերձում, որի տեքստը տարածել է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, մասնավորապես, ասված է. - «Դեկտեմբերի 3-ը, երբ ողջ աշխարհը նշում է սահմանափակ աշխատունակությամբ մարդկանց օրը, մեզ համար առանձնահատուկ իմաստ ունի, եւ բոլորս ավելի խորն ենք գիտակցում «Հաշմանդամների միջազգային օր» հասկացությունում ամփոփված ցավն ու խորհուրդը: Սպիտակի աղետալի երկրաշարժը, ապա Արցախյան ազատամարտը շատերին գամեցին սայլակին կամ պատճառելով առողջական անդառնալի վնասներ` զրկեցին լիարժեք աշխատելու եւ արարելու հնարավորությունից: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, արցախահայության ֆիզիկական գոյությունը եւ հայ ժողովրդի ազատ ապրելու իրավունքը պաշտպանելու համար դուք գիտակցված գնացիք սուրացող գնդակներին, ռումբերի ու ականների պայթյուններին ընդառաջ` կանգնեցնելու նրանց մահաբեր ընթացքը, եւ դրա համար անչափ թանկ գին վճարեցիք: Ձեր սխրանքն անմահ է եւ ապրում է մեր հայրենիքի ու նրա զինված ուժերի ամեն մի ձեռքբերման, բացվող յուրաքանչյուր խաղաղ օրվա մեջ»:

«Լավ հասկանում եմ ու կիսում ձեզ ու ձեր ընտանիքներին բաժին ընկած դժվարությունները, բայց, իմ խորին համոզմամբ, կարեւորը հոգով ու դատողությամբ առողջ լինելն է, եւ մեր երկիրն ամենից առաջ հենց այդպիսի մարդկանց կարիքն ունի», - իր ուղերձում նշում է նախարարը։

«Վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է եւ կանի ձեր հոգսը թեթեւացնելու համար», - ասված է Սեյրան Օհանյանի ուղերձում։

Պաշտպանության նախարարը եւ Զինված ուժերի ղեկավար կազմը այսօր այցելել են հաշմանդամ ազատամարտիկների, ծանոթացել նրանց խնդիրներին, զրուցել նրանց հետ եւ հանձնել նվերներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG