Մատչելիության հղումներ

logo-print
Գյումրիի տեխնոպարկում, որը կառավարության գովազդված նախագծերից մեկն էր, արդեն 3-րդ տարին է, ինչ փորձում են նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված բիզնես կենտրոն ստեղծել, սակայն հաջողությունները դեռ այնքան տեսանելի չեն:

Տեխնոպարկի շենքի շինարարությունը այս տարի եւս չմեկնարկեց: Համաշխարհային բանկը, որը ֆինանսավորելու է շինարարությունը, 5 միլիոն դոլարի վարկ է տրամադրել այդ նպատակի համար: Գումարը կա, սակայն շենքի կառուցման համար դեռ մրցույթ էլ չի հայտարարվել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց տեխնոպարկի տնօրեն Գուրգեն Պարոնիկյանը:

«Մրցույթը դեռ հայտարարված չէ, բայց հույս ունեմ, որ մոտակա ժամանակներս կհայտարարվի», - ասաց Պարոնիկյանը:

Այնինչ խոսք էր գնում, որ այս տարի կմեկնարկելի շենքի շինարարությունը, իսկ քանի դեռ շենքը չկա, տեխնոպարկի նկատմամբ չկա նաեւ հասարակական լուրջ վերաբերմունք: Շենքի բացակայակությունը, սակայն, ըստ տեխնոպարկի տնօրենի, չի խանգարում, որ իրենք գործունեություն ծավալեն:

«Եթե վաղը շենքը պատրաստ լինի, շենքում աշխատող ընկերություն չլինի, դուք կհամարե՞ք, որ տեխնոպարկը ունենք: Ես կհամարեմ, որ չունենք: Բովանդակությունը ավելի կարեւոր է», - ասաց Պարոնիկյանը:

Մինչ այժմ տեխնոպարկի շրջանակներում ձեռք բերված ամենալուրջ հաջողությունը թերեւս այն է, որ ցանցային սարքերի եւ համակարգչային աքսեսուրարների խոշոր արտադրող D-Link ընկերությունը Գյումրիում իր կենտրոնն է բացելու` 80 աշխատատեղ ստեղծելով:

«D-Link-ը արդեն իր շենքի նախագիծը պատրաստել է, կառավարությանը առաջարկի փաթեթն է նախապատրաստվում ընկերության կողմից, բավական լուրջ փաթեթ պետք է լինի` իր մեջ ներառելով եւ շենքի նախագիծը, եւ զարգացման փուլերը, եւ աշխատատեղերի բացման վերաբերյալ իրենց կանխատեսումները», - տեղեկացրեց Պարոնիկյանը:

Նշենք, որ ամիսներ առաջ տեխնոպարկի շրջանակներում բիզնես գաղափարների մրցույթ էր հայտարարվել: Մրցույթը կայացել է, եւ երեք գաղափարներ կֆինանսավորվեն` յուրաքանչյուրը 14-ական միլիոն դրամով: Հեղինակներից մեկը ներկայացրել է հիբրիդային` գազ եւ արեւային էներգիա համատեղող ջեռուցման համակարգերի բիզնես գաղափար, մյուս երկուսը վերաբերում են ոսկերչությանը` ոսկերչական իրերի եւ բիժուտերիայի մոդելների ստեղծում եւ արտարադրոթյուն, երրորդը` ստեղծած ոսկերչական արտադրանքի վաճառք արտերկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG