Մատչելիության հղումներ

Մարտիրոսյան. «Այստեղ անձի խնդիր չէ, այստեղ մթնոլորտի խնդիր է»


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանում զրուցում է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, արխիվ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը խորհրդարանում զրուցում է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, արխիվ

«Ժառանգության» պատգամավորը իր հետ տեղի ունեցած միջադեպի ավելի «ընդհանուր» պատճառներ է տեսնում:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ խորհրդարանում տեղի ունեցած վերջին աղմկոտ միջադեպը ընդդիմադիր «Ժառանգության» շուրջ ստեղծված բացասական մթնոլորտի արտահայտությունն է:

«Առաքել Մովսիսյանը ոչ թե ինքը իրենից ելնելով նմանատիպ քայլեր է կատարում, այլ` ինքը գիտի թե ինչպիսին է ընդհանուր մթնոլորտը, այդ մթնոլորտի շրջանակում էլ գործում է: Ինչո՞ւ եք դուք միայն Առաքել Մովսիսյան ասում: Նույն «ականջդ լվացնելու» հետ կապված Սամվել Նիկոյանի խոսքը...», - նշեց Մարտիրոսյանը` կարծիք հայտնելով, որ այդ բացասական մթնոլորտը ստեղծվել է Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկներին նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ պատասխանից հետո:

Հիշեցնենք, երեկ Ազգային ժողովում Արմեն Մարտիրոսյանի եւ Առաքել Մովսիսյանի միջեւ միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում Մովսիսյանը վիրավորական արտահայտություն էր հնչեցրել Մարտիրոսյանի հասցեին։ Ընդդիմադիր պատգամավորը նրան հակադարձել էր։ Խնդիրը ծագել էր այն պահին, երբ խորհրդարանում տիրող աղմուկի պատճառով Արմեն Մարտիրոսյանը դադարեցրել էր իր ելույթը եւ պահանջել էր լռել։ Մյուս պատգամավորների հետ մի շարք օրինագծերի քվեարկությանը մասնակցելու համար դահլիճ եկած Առաքել Մովսիսյանը վրդովվել էր եւ տեղից գոռգոռալով ընդդիմադիր պատգամավորին մեղադրել ժամանակ ձգձգելու մեջ։

Մինչեւ այդ էլ տեղի էր ունեցել վիճաբանություն Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ: Մարտիրոսյանը հերթագրվել էր հարց հնչեցնելու համար, սակայն երբ նիստը նախագահող Նիկոյանը նրան հարցի իրավունք տվեց, «Ժառանգության» պատգամավորը չլսեց իր անունը, ինչից Նիկոյանը վրդովվեց եւ հանեց հարցի իրավունքը` Մարտիրոսյանին խորհուրդ տալով «ականջները լվացնել»:

Հինգշաբթի երեկոյան հայտնի դարձավ, որ Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) որոշել է Ազգային ժողովի նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներին։ Խորհրդարանի խոսնակի պաշտոնում Հանրապետականը կառաջադրի Սամվել Նիկոյանի, փոխխոսնակի պաշտոնում` Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը։

Այս առնչությամբ Արմեն Մարտիրոսյանը կարծիք հայտնեց, որ ովքեր էլ գլխավորեն խորհրդարանը, այն աշխատելու է Սերժ Սարգսյանի կողմից թելադրվող մթնոլորտում եւ խորհրդարանի աշխատանքում էական փոփոխություններ չեն լինելու:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով
Մինչդեռ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով, ինչպես նշվեց, առաջադրվելու է ԱԺ փոխխոսնակի պաշտոնում, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ կարող է կրկնվել Առաքել Մովսիսյանի եւ Արմեն Մարտիրոսյանի միջեւ տեղի ունեցած միջադեպը կարող է կրկնվել:

Շարմազանովն ասաց, որ դա, իհարկե, հաճելի չէր, բայց կյանքում ամեն ինչ չէ, որ հաճելի է: Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Շարմազանովն ասաց, որ միջադեպը ՀՀԿ-ի երեկվա նիստում չի քննարկվել:

«Չեմ կարծում, որ դա այնպիսի մեծ հարց էր, որ պետք է քննարկվեր», - նշեց ՀՀԿ-ի խոսնակը: - «Քաղաքական ամբիոն է, մեկը տեղից խոսել է, մյուսը պատասխանել է: Տեսեք Եվրոպայի պառլամենտներում ինչ է կատարվում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG