Մատչելիության հղումներ

Կառավարության պատվերով արտահանման խթանման ռազմավարություն է մշակվել


Մինչեւ 2020 թվականը Հայաստանը մտադիր է մոտ երեք անգամ ավելացնել արտահանումը` այն հասցնելով տարեկան մինչեւ 5.5 միլիարդ ԱՄՆ դոլարի:

Այսօր Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում հրավիրված ասուլիսին, որին ներկա էր նաեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, նման հայտարարություն արեց Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Վերջինիս խոսքով, արտահանման ծավալների նման մեծացմանը նպաստելու է կառավարության պատվերով մշակված ռազմավարության կյանքի կոչումը:

«ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակը» անվամբ այդ ռազմավարությունը առաջիկայում հաստատվելու է կառավարության կողմից եւ դառնալու է Հայաստանի արդյունաբերության զարգացման հայեցակարգ, ուր շեշտը դրվելու է արտահանման խթանման վրա:

«Եթե այսօր մենք ունենք 1.7 միլիարդի արտահանում, ապա 2015 թվականին պատրաստվում ենք ունենալ 3-3.5 միլիարդ դոլարի արտահանում, իսկ 2020 թվականին` 5-5.5 միլիարդ դոլարի արտահանում», - հայտարարեց Գագիկ Մինասյանը:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի խոսքով, իշխանությունների մշակած այդ ռազմավարության նպատակն է ոչ միայն ավելացնել Հայաստանից արտահանվող ապրանքների ծավալը, այլեւ փոխել արտահանման կառուցվածքը. - «Այսօր մեր արտահանման ողջ սպեկտրում ոչ հումքային ոլորտը 46 տոկոս է կազմում: Այդ ոլորտի էական զարգացում է նախատեսվում այս ծրագրով. մենք պատրաստվում ենք 2015 թվականին այդ տոկոսը հասցնել 50-55-ի, իսկ արդեն 2020-ին` 60-65-ի, որովհետեւ տեւական ժամանակ մեր արտահանման ոլորտում հումքային ոլորտի մասնաբաժինը չի նվազում, իսկ ժամանակակից աշխարհում հենց հմտությունները եւ գիտելիքներն են, որ պետք է ապահովեն մեր տնտեսության մրցակցային կարողությունները»:

Իր հերթին` էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ասաց, որ ռազմավարությունը առանձնացրել է Հայաստանի արդյունաբերության 11 ոլորտ, որոնց զարգացմամբ կառավարությունը մտադիր է առաջիկա տարիներին խթանել արտահանումը: Այդ ոլորտներից առայժմ մշակված են եւ առաջին փուլում կյանքի են կոչվելու երեքը` ճշգրիտ մեքենաշինությանը, դեղագործությանը եւ սննդի արդյունաբերությանը վերաբերող ծրագրերը: Սակայն էկոնոմիկայի նախարարը ընդգծեց, որ միայն այդ երեք ոլորտներով կառավարությունը չի սահմանափակվելու:

Նոյեմբերի 28-ին Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը` OECD-ին, որը միավորում է աշխարհի 34 երկրներ` այդ թվում աշխարհի բոլոր զարգացած տնտեսություն ունեցող պետությունները, հանդես եկավ հրապարակմամբ, ըստ որի` այս տարվա վերջին եռամսյակում եվրագոտում տեղի կունենա ՀՆԱ-ի 1 տոկոսանոց տնտեսական անկում, որը կշարունակվի նաեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակում եւ եվրագոտու տնտեսական աճը զգալիորեն կդանդաղի:

«Հայաստանի տնտեսությունը ինչքանո՞վ է պատրաստ եվրագոտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր մեկնարկին», - այսօր հետաքրքրվեցինք էկոնոմիկայի նախարարից:

«Իհարկե, կան ռիսկեր, որոնք հիմա դժվար է կանխատեսել», - պատասխանեց Տիգրան Դավթյանը` հավելելով, թե աշխարհը դասեր է քաղել 2008-2009 թվականների ճգնաժամից ու Եվրոպայում գործադրվում են նախահարձակ քայլեր իրավիճակի կայունացման համար: - «Դրա համար իմ մոտ զգուշավոր լավատեսության հիմքեր կան, որ զարգացումները կլինեն ոչ այնքան դրամատիկ եւ հնարավորություն կլինի անցնել այս դժվար ժամանակահատվածը եւ ազդեցությունը Հայաստանի վրա կլինի մինիմալ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG