Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանում քարոզարշավի վերջին օրն է


Ռուսաստան - Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական պաստառը Մոսկվայում

Ռուսաստան - Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական պաստառը Մոսկվայում

ՈւրբաթՌուսաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է։ Վաղը կլինի լռության օր, իսկ դեկտեմբերի 4-ին առավոտից կմեկնարկի քվեարկությունը։

Ընդդիմության ներկայացուցիչները պնդում են, որ ի տարբերություն 2007 թվականի ընտրություններին պատրաստվող Ռուսաստանի` այս անգամ նախընտրական շրջանում խախտումներն ավելացել են մի քանի անգամ։

Նկատի ունենալով այս հանգամանքը` ընդդիմությունը մտադիր է քվեարկության ընթացքը վերահսկել աննախադեպ ակտիվությամբ։

Ընդդիմադիր գործիչները հայտարարում են, որ եթե նախկինում կային առանձին խախտումներ, ապա այժմ ընտրախախտումներն այնպես են արտահայտվում, ասես դրանք արտադրող ձեռնարկություններ լինեն Ռուսաստանում։

Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, թե խորհրդարանի ընտրությունների ժամանակ իր կուսակցությունն ակնկալում է ժողովրդի աջակցությունը։

«Եդինայա Ռոսիա»-ն, որը նախօրեին նշեց հիմնադրման 10-րդ տարին, ըստ քաղաքական մեկնաբանների, իր գործունեության անցած տասնամյակի վերաբերյալ գնահատականը կամբողջացնի դեկտեմբերի 4-ին՝ քվեարկության օրը։

Ընտրական գործընթացներին հետեւող տեղական անկախ դիտորդները, սակայն, առանձնապես մեծ սպասումներ չունեն, որ ընտրությունները կանցնեն ազատ, արդար, թափանցիկ։

Ոչ կառավարական դիտորդական «Գոլոս» կազմակերպության փոխտնօրեն Գրիգորի Մելքոնյանցը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ստացել են 5 հազարից ավելի հաղորդագրություններ՝ ընտրախախտումների վերաբերյալ, եւ ոչ միայն տեքստեր, այլ նաեւ քարոզարշավի ժամանակ օրենքով արգելված նախընտրական պաստառների լուսանկարներ, տեսահոլովակներ։

«Շատ լարված ընտրարշավ էր, եւ սկանդալային վեճեր եղան։ Ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ ճնշումներ կային, եւ, ցավոք, ընտրական հանձնաժողովները, որ պետք է անկախ լինեն, հանդես են գալիս մի կուսակցության պաշտպանությամբ», - հայտարարեց Մելքոնյանցը։

Նա տեղեկացրեց, որ հինգշաբթի օրը դատախազության ներկայացուցիչներն այցելել են «Գոլոս» կազմակերպություն եւ վարչական իրավախախտումների մեղադրանքով զգուշացրել են հնարավոր պատժամիջոցների մասին։

«Որոշել են փակել «Գոլոս»-ը։ Պարզ եւ ակնհայտ է, որ վախենում են ընտրական այս շրջանում հավաստի տեղեկատվությունից, եւ մենք գիտենք՝ առաջիկայում ամեն ինչ կանեն մեր կազմակերպությունը փակելու համար, որ ո՛չ խորհրդարանի, ո՛չ էլ նախագահի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն չունենանք», - ասաց Գրիգորի Մելքոնյանցը եւ ավելացրեց, որ գալիք ընտրությունները նախորդներից շատ ավելի վատը կլինեն` դատելով նախընտրական շրջանում արձանագրված խախտումների պատկերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG