Մատչելիության հղումներ

Ակտիվիստները շարունակում են պայքարել Արամի 30 շենքի համար


Արամի 30 հասցեում գտնվող կառույցը, որը որոշ ճարտարապետների կարծիքով մոտ 150 տարեկան է, այս օրերին քանդման վտանգի տակ է:

Քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ նախատեսվում էր քանդել շենքն ու լայնացնել Աբովյան-Արամ փողոցների հատման ճանապարհը: Ու թեեւ շինությունը ընդգրկված չէ ճարտարապետական բացառիկ արժեք ներկայացնող կառույցների ցանկում, շենքի քանդման դեմ պայքարող ակտիվիստները պնդում են, որ այն արժեք է ներկայացնում քաղաքի կենսագրության համար:

Դեռ նոյեմբերին կեսերին, երբ ակտիվիստները սկսեցին պայքարը շենքի պահպանման համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը եւ Երևանի ավագանու քաղաքաշինության հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պողոսյանը հանդիպեցին նրանց հետ եւ խոստացան լրացուցիչ քննարկել հարցը։

Եվ չնայած քաղաքապետարանի աշխատակիցների հավաստիացումներին` ակտիվիստները ամեն օր հավաքվում են Աբովյան-Արամի փողոցների հատման մասում՝ նկարահանելու կառույցը, անցորդներին թռուցիկներ բաժանելու եւ շենքի շուրջ հերթապահելու համար։

Մի քանի օր առաջ հանվեց շենքի շուրջ տեղադրած ցանկապատը, որը, ակտիվիստների կարծիքով, նշանն էր այն բանի, որ շուտով շինտեխնիկան պետք է սկսի քանդման գործընթացը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք հայտարարեցին, որ պայքարելու են քաղաքի հին շենքերի պահպանման համար։

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեեւ շինությունը կարող է պատմամշակութային արժեք չներկայացնել, բայց այն կարեւոր է այն առումով, որ հին Երեւանի մի մասն է կազմում եւ իր շուրջը ստեղծում է հատուկ միջավայր:

Մինչ քաղաքացիական ակտիվիստները փողոց դուրս գալով են պայքարում քաղաքի հին շենքերի պահպանման համար, ճարտարապետների միությունն էլ փորձում է օգտագործել քննարկումների ու քննադատությունների մեթոդը։

«Նման հատվածների վերաբերյալ մենք մեր կարծիքը հայտնում ենք, եւ ավելի կարեւոր տեղեր, եւ ավելի կարեւոր հուշարձանների վերաբերյալ, բայց առայժմ դրանք այնքան էլ չեն հաջողվում մեզ», - խոստովանեց Մկրտիչ Մինասյանը։

please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG