Մատչելիության հղումներ

Այսօր կազմվելու են «Եվրո - 2012»-ի չորս խմբերը


Ուկրաինա - Ֆուտբոլի Եվրոպայի գավաթը, որը շնորհվելու է «Եվրո - 2012»-ի հաղթողին, Կիեւ, հուլիս, 2011թ.

Ուկրաինա - Ֆուտբոլի Եվրոպայի գավաթը, որը շնորհվելու է «Եվրո - 2012»-ի հաղթողին, Կիեւ, հուլիս, 2011թ.

Կիեւի Արվեստների պալատում ուրբաթ օրը վիճակահանությամբ կորոշվի ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության չորս խմբերի կազմը։

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, տեսականորեն չի բացառվում, որ մեկ խմբում հայտնվեն Եվրոպայի չեմպիոնի կոչումը տարբեր ժամանակաշրջաններում նվաճած չորս հավաքականներ` ներկայիս չեմպիոն Իսպանիան, 2004-ի հաղթող Հունաստանը, 2000-ի եւ 1984-ի չեմպիոն Ֆրանսիան եւ 1996, 1980 եւ 1972 թվականների չեմպիոն Գերմանիան։

Իսպանացիները 2008 թվականին են դարձել Հին աշխարհամասի չեմպիոն, ապա երկու տարի անց` 2010 թվականին աշխարհի գավաթն են շահել։

Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնությունը համատեղ կազմակերպում են երկու երկրներ` Լեհաստանը եւ Ուկրաինան։

Վիճակահանությունն անցկացնելու է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն։

Շվեդիայի հավաքականի հարձակվող Օլա Տոյվոնենն Reuters լրատվական գործակալությանը ասել է, թե, բնականաբար, բոլորը կցանկանան մեկ խմբում չհայտնվել Իսպանիայի, Հոլանդիայի կամ Գերմանիայի հավաքականների հետ։

«Երանի մենք խաղանք Անգլիայի հետ, որը դաշտ դուրս կգա առանց որակազրկված Ուեյն Ռունիի, կամ, ասենք, մեր մրցակիցները լինեն Ուկրաինան կամ Լեհաստանը», - ասել է Տոյվոնենը։

Ռուսաստանի թիմի պաշտպան Ալեքսեյ Բերեզուցկին նշել է, որ իր համար առավել նախընտրելի է Լեհաստանի հավաքականի հետ հայտնվել մի խմբում։

«Ես չէի ցանկանա, որ մեր մրցակիցը լիներ հարեւան Ուկրաինան, կամ առավել եւս` Իսպանիան կամ Հոլանդիան», - ասել է Բերեզուցկին։

Այս առաջնությանը մասնակցում է 16 հավաքական։ Այսօրվա վիճակահանությունից առաջ բոլոր թիմերը բաժանված են 4 զամբյուղի, ինչը արվել է 4 խմբերը համեմատաբար հավասար սկզբունքով կազմելու համար։

Առաջին զամբյուղում Իսպանիան է, Հոլանդիան, Լեհաստանը եւ Ուկրաինան, երկրորդում ընդգրկված են Գերմանիան, Իտալիան, Անգլիան եւ Ռուսաստանը, երրորդում են Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան եւ Խորվաթիան, չորրորդ զամբյուղում են Դանիան, Ֆրանսիան, Իռլանդիան եւ Չեխիան։

2012 թվականի հունիսի 9-ից հուլիսի 1-ը անցկացվելիք առաջնության հանդիպումները տեղի կունենան Լեհաստանում` Վարշավայի, Վրոցլավի, Գդանսկի եւ Պոզնանի մարզադաշտերում, իսկ Ուկրաինայում` Դոնեցկի, Լվովի, Խարկովի եւ Կիեւի մարզադաշտերում, ընդ որում, Ուկրաինայի մայրաքաղաքում է նշանակված նաեւ գլխավոր հանդիպումը` եզրափակիչը, որի հաղթողը կհռչակվի Եվրոպայի չեմպիոն։

2016 թվականի առաջնությանը կմասնակցի 24 թիմ` ներկայիս 16-ի փոխարեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG