Մատչելիության հղումներ

Այսօր լրացավ այն վերջնագրի ժամկետը, որը նախագահության նախկին թեկնածու Ալլա Ջիոեւան ներկայացրել էր Հարավային Օսիայի գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիին։

Այսօր առավոտյան Ջիոեւան, հանդես գալով մամուլի ասուլիսում, հայտարարել էր․ - «Եթե այսօր մինչեւ ժամը 18-ը նախագահը չկատարի ընդդիմության պահանջը, ճանաչելով իմ հաղթանակը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, ես այլեւս որեւէ պատասխանատվություն չեմ կրի իմ կողմնակիցների գործողությունների համար։ Մենք գնալու ենք մինչեւ վերջ։ Եթե իրավիճակը շարունակի նման կերպ զարգանալ, ապա դրա հետեւանքերի ողջ պատասխանատվությունը կընկնի գործող նախագահի, Գերագույն դատարանի եւ նրանց հովանավորող մարդկանց վրա»։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, սակայն, նախագահ Կոկոյտին կտրականապես մերժել է Ջիոեւայի պահանջը։

«Որեւէ տեսակի վերջնագիր մեզ համար անընդունելի է», - ասել է Կոկոյտին։

Այս հայտարություններին զուգահեռ Ցխինվալիում շարունակվում են իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների բանակցությունները, որոնց ընթացքում Ռուսաստանը, փաստորեն, միջնորդի դեր է ստանձնել։

Բանակցություններին մասնակցում է երեկ երեկոյան Ցխինվալի ժամանած Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Վինոկուրովը։ Տեղական դիտորդների խոսքով, պաշտոնական Մոսկվայի թիվ 1 նպատակը իրավիճակի հետագա սրումը բացառելն է։ Այդ մասին էր խոսում նաեւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը այսօր Մոսկվայում կայացած ասուլիսի ընթացքում։

«Քաղաքական գործընթացները, որ ծավալվել են բարեկամ այդ պետությունում, Հարավային Օսիայի ներքին գործն են։ Ռուսաստանը, հստակորեն կատարելով իր պարտավորությունները՝ ուղղված Հարավային Օսիայի արտաքին անվտանգության ապահովմանը, միաժամանակ չի խառնվում եւ այսուհետ եւս մտադիր չէ խառնվել այդ երկրի ներքին գործերին», - հայտարարեց ռուսական ԱԳՆ խոսնակը։

Հարավային Օսիայի ընդդիմադիրներից ոմանք պնդում են, որ Ռուսաստանի կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի Հանրապետությունից ոստիկանական հատուկ ուժեր են տեղափոխվել Ցխինվալի, կառավարական շինությունների անվտանգությունը ապահովելու նպատակով։ Կոկոյտիի իշխանության համար սա խիստ հրատապ է նախեւառաջ քաղաքում ծավալված բազմամարդ ցույցերի ֆոնին։ Ջիոեւայի կողմնակիցները այսօր որոշել են մնալ քաղաքի կենտրոնական հրապարակում՝ տեղում վրանային ավան ստեղծելով։

Ուժային կառույցների ներկայացուցիչները պնդում են, որ ցուցարարների նկատմամբ բռնություն չեն կիրառելու։

«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին գործել օրենքի շրջանակներում», - այսօր հայտարարեց Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեի նախագահ Բորիս Ատտոեւը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG