Մատչելիության հղումներ

Վեհափառը ընդունել է «Մանկական Եվրատեսիլ»-ի մասնակիցներին


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Հինգշաբթի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է «Մանկական Եվրատեսիլ - 2011» երգի մրցույթի մասնակիցներին:

Վեհափառը, ողջունելով «Եվրատեսիլ»-ի պատանի մասնակիցների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Եվրոպայի տարբեր երկրներից Հայաստան ժամանած երեխաներին ծանոթացրել է հայ ժողովրդի պատմությանը, ամենայն հայոց հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

«Վստահ ենք, որ բոլորդ էլ ուրախ ու խանդավառ եք: Համերգի ժամանակ տարբեր բարձունքներ պիտի նվաճեք: Ցանկանում եմ, որ ձեր մեջ ուրախությունն անպակաս լինի, անկախ նրանից, թե ինչ բարձունքի պիտի հասնեք, որովհետեւ արդեն իսկ բարձունք եք նվաճել` մասնակցելով այս մրցույթին», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Այնուհետեւ Վեհափառը իր օրհնությունն ու գնահատանքն է բերել երիտասարդներին, որ վաղ տարիքում այդքան ճիգ, ջանք եւ աշխատանք են ներդրել` իրենց տաղանդն ի ցույց բերելու եւ գեղեցիկ բարձունքներ նվաճելու:

Հանդիպման ավարտին պատանիներն այցելել են Մայր Աթոռի թանգարաններ` ծանոթանալով հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեքներին:
XS
SM
MD
LG