Մատչելիության հղումներ

logo-print

Սյունիքի մարզպետը հերքում է, թե հարվածել է Համբարձումյանին


Սիլվա Համբարձումյան, Սուրիկ Խաչատրյան

Սիլվա Համբարձումյան, Սուրիկ Խաչատրյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, որ ինքը նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածներ է հասցրել գործարար Սիլվա Համբարձումյանին:

Ինչպես հայտնի է Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա Հատուկ Քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել «Ծեծ»-ի հատկանիշներով, որեւէ մեկին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ տեղեկություններ չկան, նախաքննությունը շարունակվում է:

Հարցին, թե իրոք հարվածե՞լ է Համբարձումյանին, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. - «Չէ, չէ, չէ, էդ մեկը մոռացեք»:

Երբ «Ազատություն» ռադիոկայանը փորձեց ճշգրտել, թե իրականում ի՞նչ տեղի ունեցել այդ օրը, մարզպետն արդյո՞ք ներս է մտել «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի մուտքից ու մոտեցել Սիլվա Համբարձումյանին, Խաչատրյանը ակնհայտորեն նյարդայնացավ հարցից. - «Լավ, հիմա դե արդեն պատմություն սարքեցիր …», - ասաց նա:

Հիշեցնենք, մարզպետի եւ կին գործարարի միջեւ հայտնի միջադեպը հաջորդեց մամուլի ասուլիսում Սիլվա Համբարձումյանի հայտարարություններին, թե Սուրիկ Խաչատրյանը իրեն պատկանող Լիճվազք-Թեյի ոսկու հանքից 100 միլիոն դրամից ավելի արժողությամբ սարքավորումներ է յուրացրել: Համբարձումյանը այժմ հայտարարում է, որ մարզպետի հետ կհաշտվի, եթե նա իրենից հրապարակավ ներողություն խնդրի եւ սարքավորումների, իր բնորոշմամբ, «յուրացրած» գումարը վերադարձնի:

Մարզպետը այսպես արձագանքեց Համբարձումյանի` ներողություն խնդրելու եւ գումարները վերադարձնելու պահանջին. - «Ինքը ղալաթ ա անում: Ես ոչ մեկի հետ ոչ հաշտվելու, ոչ էլ կռվելու խնդիր չունեմ: Ես փող պարտք չեմ, հավատացեք, որ պարտք չեմ: Ես չգիտեմ, թե ինքն ինչ է ուզում, բայց սխալ հասցեով է եկել: Եթե «Գլոբալ մեթալզ»-ը գնացել ա, էդ ապրանքն առել ա, օրինական ճանապարհով, էդ փողերը մուծված են… եւ էսօր առանց ամաչելու հերթական շանտաժները սկսել ա… ես ի՞նչ կապ ունեմ, հասկանո՞ւմ եք, ես ի՞նչ կապ ունեմ»:

Սյունիքի մարզպետը հակադարձեց, թե հակառակը` Սիլվա Համբարձումյանը պարտքեր ունի մարզի համայնքներին, եւ այս ամենը «դիտավորյալ սարքում է»:

«Ես չգիտեմ, թե ինքն ինչու է ակտիվացել, բայց մի բան գիտեմ, որ էսօր ինքը Սյունիքի մարզում ունի մոտավորապես 87 միլիոնից ավելի պարտքեր համայնքներին ու մարզպետարանին: Երեւի թե ուզում է կախվի փրփուրներից ու պարտքերը ջրի: Բայց դա պետական պարտքեր են, Խաչատրյան Սուրիկի պարտքերը չեն, որ Խաչատրյան Սուրիկը փորձի դա ջրել: Համայնքների եւ պետության պարտքերն են, ինքը պետք է գիտակցի, որ դա ջրել հնարավոր չի: Էդ գումարների մի մասը հիմա ԴԱՀԿ-ում են, մի մասը դատարանում են, մի մասի վճիռները արդեն կայացված են, թող բարի լինի բերի գումարները մուծի ոչ թե շառի-շուռի հետեւից ընկնի», - ասաց նա` շարունակելով. - «Էս ամեն ինչը դիտավորյալ սարքած ա, որովհետեւ ես իր հետ ոչ խնդիր ունեի, ոչ պապենական թշնամություն կամ բարեկամություն ունեինք»:

Ըստ Սյունիքի մարզպետարանի` Սիլվա Համբարձումյանին պատկանող ընկերությունները 2008 թվականին հողեր են վարձակալել մարզի 12 համայնքներում եւ տարեկան պետք է վճարեին շուրջ 47 մլն դրամ վարձավճար: Բայց շուտով «Գ.Արշակյան» ՍՊԸ-ն այլեւս չի վճարել համայնքներին հասանելիք վարձավճարը, եւ այս տարվա նոյեմբերի դրությամբ կուտակվել է շուրջ 87 միլիոն դրամի պարտք: Անցած տարի մի քանի համայնքներ դիմել են դատարան, եւ դատարանը բավարարել է հայցերը` «Գ.Արշակյան» ՍՊԸ-ին պարտավորեցնելով համայնքներին վճարել պարտքերը, սակայն վճարում չի եղել:

Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց այս պնդումները` հայտարարելով, որ ինքը համայնքներին պարտք չէ, եւ մարզպետն է «ձեռքը փրփուրներին գցում»: Ըստ նրա` 2010 թվականի ապրիլին «Գ.Արշակյան» ընկերությունը զրկվել է լիցենզիայից էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով, որից հետո ինքն անմիջապես համայնքներին նամակներ է ուղարկել` տեղեկացնելով վարձակալության պայմանագրերը «լուծված» համարելու մասին: Սակայն համայնքների ղեկավարները, ըստ Համբարձումյանի, չեն դադարեցրել պայմանագրերը, «չեն հասկացել լուծված բառի իմաստը»:

«Համայնքների ղեկավարները չեն հասկացել, որ «լուծված» նշանակում է` գոյություն չունի: Մեզ զանգում, հարցնում էին, թե ի՞նչ է նշանակում լուծված», - ասաց Համբարձումյանը:

Համայնքների ղեկավարները, ըստ Համբարձումյանի, ստիպողաբար են դիմել դատարաններ, հայցերին չեն կցել պայմանագրերը լուծված լինելու մասին նամակները, այդ պատճառով էլ դատարանները բավարարել են հայցերը նիստերին պատասխանող կողմի բացակայության պայմաններում:

«Բոլոր համայնքների պետերն ինձ զանգահարել են եւ ասել, որ իրենք ինձանից դժգոհություն չունեն, եւ մարզպետն է իրենց ստիպում, որ դիմեն դատարաններ», - ասաց նա:

Սիլվա Համբարձումյանը նաեւ ասաց, որ հնարավոր է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Սյունիքի մարզում մեծամասնական ընտրակարգով առաջադրվի որպես պատգամավորության թեկնածու, եթե առաջադրվի նաեւ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

«Ես երբեք չեմ մտել քաղաքականության մեջ, բայց որ դանակը ոսկորին հասցնեն, գուցե մտնեմ: Ես անկուսակցական եմ, ինձ ոչ մի կուսակցություն չի աջակցում», - ասաց Համբարձումյանը:

Գործարարը հերքեց այն կարծիքները, թե իր վերջին շրջանի ակտիվացումը գուցե նախընտրական քարոզչության երանգներ ունի: Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էլ այսպես արձագանքեց Սիլվա Համբարձումյանի առաջադրման ծրագրերին. - «Կրկնակի կամ եռակի առաջադրումներ են լինում բոլոր ընտրատարածքներում, թող դրանցից մեկն էլ ինքը լինի, բայց հանգիստ, համեստ, ոչ թե աղմուկ- աղաղակով»:

Դեռեւս հայտնի չէ, թե մարզպետն առաջադրվելու է որպես պատգամավորության թեկնածու, թե` ոչ, բայց նա շեշտեց, որ մեծ աշխատանք է տանելու իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակն ապահովելու համար եւ Հայաստանից ոչ մի տեղ չի գնալու:

«Ո՞ւր գնամ, ախր ո՞ւր գնամ, ես Հայաստանից լավ տեղ չունեմ, 23 տարի է Հայաստանում եմ, ինձ էլ շատ լավ զգում [այստեղ]», - ասաց Սուրիկ Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG