Մատչելիության հղումներ

Հայ երգիչները նախընտրում են անձամբ զբաղվել իրենց պրոդյուսինգով


Թեեւ Հայաստանում կան պրոդյուսերներ, սակայն հայ երգիչներից շատերը անձամբ են զբաղվում իրենց պրոդյուսերությամբ:

Երաժիշտ, պրոդյուսեր Գարիկ Պապոյանը նշում է, որ Հայաստանում գլխավոր խնդիրն այն է, որ պրոդյուսինգ հասկացությունը սխալ է ընկալվել: «Մեզ մոտ կարծում են, որ դա այն մարդն է, ով զբաղվում է երգչի համար համերգներ, հարցազրույցներ կազմակերպելով, սակայն պրոդյուսերը այն մարդն է, ով սկզբից մինչեւ վերջ մասնակցում է երգի արտադրանքին», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասում է նա:

«Հայ տղերք», «Ռազմիկ եւ ընկերներ» խմբերի պրոդյուսեր Միքայել Մարգարյանը նշում է, որ հայկական շուկայում տարբերում է 2 տեսակի պրոդյուսերներ` ստեղծագործող եւ վաճառող:

Մարգարյանը իրեն միայն ստեղծագործող պրոդյուսեր է համարում: Նա նշում է, որ պրոդյուսեր-երգիչ համագործակցությունը երկու եղանակով է լինում` առաջինը, երբ երգիչն է դիմում պրոդյուսերին, երկրորդը, երբ պրոդյուսերն է գտնում ինչ-որ մի բան արտիստի մեջ եւ առաջարկում է համագործակցել:

«Երգիչը պետք է զբաղվի երգելով, երգ գրողը` գրելով, պրոդյուսերն էլ այդ ամենը արտադրելով», - նշում է Պապոյանը: Օրինակ բերելով արտասահմանյան մի շարք երկրների պրոդյուսերներին` նա նշում է, որ երբ երգիչը կամ խումբը ձայնասկավառակ թողարկելու պայմանագիր է կնքում եւ իրենց տալիս են որոշակի ժամանակ, նրանց պրոդյուսերը եւ մենեջերը վարձում են մի տուն, որտեղ երաժիշտները փակվում են որոշ ժամանակ եւ ստեղծագործում են:

Երաժիշտ Գարիկ Պապոյանը իր պրոդյուսինգով անձամբ է զբաղվում` սկսած երգ գրելուց, գործիքավորելուց, ձայնագրելուց, առաջին քայլից մինչեւ վերջին քայլը:

Հայ արտիստների մեծ մասը ֆինանսական սղության պատճառով իրենք են իրենց պրոդյուսինգով զբաղվում:

Միքայել Մարգարյանը նշում է, որ տուժում է այն արտիստների արտադրանքը, ովքեր անձամբ են զբաղվում իրենց պրոդյուսինգով:

Պապոյանի կարծիքով` պրոդյուսերը պետք է լինի ձգտող, ստեղծագործող մեկը, ով պետք է նոր մոտեցում ցույց տա, ձգտի նոր բան անել:

«Պրոդյուսերը ստեղծագործ` գործիքավորումից, երգից, երաժշտությունից, ձայնագրությունից հասկացող մեկը պետք է լինի, իսկ հայ շատ երգիչներին պետք չէ նման մեկը», - ասում է նա:

XS
SM
MD
LG