Մատչելիության հղումներ

Միջնորդները կողմերին կոչ են անում օգտագործել Վիլնյուսի հանդիպման հնարավորությունը


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 29-ը նոյեմբերի, 2011թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Երեւանում հանդիպում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 29-ը նոյեմբերի, 2011թ.
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բաքվում հայտարարությամբ են հանդես եկել` ամփոփելով տարածաշրջան կատարած այցելության արդյունքները։

Հայտարարությունում, որը տեղադրված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում, համանախագահները նշում են, որ Հայաստանում եւ Ադրբեջանում երկու երկրների նախագահների, արտգործնախարարների եւ պաշտպանության նախարարների հետ հանդիպումների ժամանակ վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորման հասնելու գործում կողմերին օգնելու` իրենց երկրների հանձնառությունը։

Անդրադառնալով շփման գծում տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ վերջին հաղորդումներին` միջնորդները երկու երկրների նախագահների հետ հանդիպումների ժամանակ շեշտել են հրադադարի մասին 1994 թվականին ձեռք բերված համաձայնությունը հարգելու կարեւորությունը։ Համանախագահները վերստին ընդգծել են, որ նման միջադեպերը ցույց են տալիս դրանց հետաքննության առաջարկվող մեխանիզմի կիրառման կարիքը, ինչին, ըստ հայտարարության, «նախագահները սկզբունքորեն համաձայնել են»։ Քննարկվել են նաեւ հասարակությունների միջեւ շփումների ճանապարհով վստահության ամրապնդման հավելյալ միջոցառումների եւ պաշտամունքի, մշակութային վայրերի ու գերեզմանատների պահպանությանն ուղղված ջանքերի հետ կապված հարցեր։

Համանախագահները հայտնում են, որ նոյեմբերի 29-ին ոտքով հատել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը եւ հանդիպել են տեղական պաշտոնյաների հետ` քննարկելու իրավիճակը սահմանամերձ տարածաշրջանում։

«Նոյեմբերի 30-ին համանախագահները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների ներկայացուցիչների հետ եւ ընդգծեցին, որ խաղաղ կարգավորումը պետք է ներառի իրենց բնակության նախկին վայրերը վերադառնալու` ներքին տեղահանված անձանց ու փախստականների իրավունքը», - ասված է փաստաթղթում։

Միջնորդները իրենց հայտարարությունը եզրափակում են դեկտեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵԱՀԿ-ի Նախարարական խորհրդի հանդիպմանը անդրադարձով, կողմերին կոչ անելով «օգտագործել այդ հնարավորությունը` վերահաստատելու իրենց նվիրվածությունը խաղաղ կարգավորման որոնմանը եւ անընդունելի ստատուս քվոյի հաղթահարմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG