Մատչելիության հղումներ

ԿԸՀ ներկայացուցիչն ասում է` շտաբի հավաք չէր կարող լինել, որովհետեւ «օրենքը թույլ չի տալիս»:

Հանրապետական կուսակցությունը օրենքի խախտմամբ է երեկ շտաբի նիստ անցկացրել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը:

«Եթե իրոք նրանք ազատ, անկախ ընտրություններ անցկացնելու մղումով էին թողնում պետական պաշտոնները, ապա դա պետք է անեին այն ժամանակ, երբ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է ընտրության օրը: Միայն այդ օրվանից է թույլատրված բացել ընտրական շտաբեր», - ասաց Կոնգրեսի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, երեկ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ հավաք, որը, մասնակիցների բնորոշմամբ, ոչ թե շտաբի նիստ էր, այլ աշխատանքային հանդիպում: Հավաքին մասնակցում էին Ազգային ժողովի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով ՀՀԿ-ի նախընտրական շտաբը ղեկավարելու պատճառաբանությամբ հրաժարական տվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, թեկնածուները, կուսակցությունները ընտրությունները նշանակելուց հետո միայն իրավունք ունեն նախընտրական շտաբեր կազմավորել:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանի գնահատմամբ, երեկ իրենք օրենք չեն խախտել, ՀՀԿ-ն ոչ թե նախընտրական շտաբի հավաք է անցկացրել, այլ կուսակցության շտաբի նիստ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց օրենքի խախտումով նախընտրական շտաբի ձեւավորման հնարավորությունը:

«Որեւէ տեղ նախընտրական շտաբ չկա ձեւավորված: Օրենքով միանշանակ կարգավորված է, որ նախընտրական շտաբեր ձեւավորվում են ընտրությունները նշանակելուց հետո», - ասաց Սիլվա Մարկոսյանը` վստահեցնելով, որ Հանրապետական կուսակցությունում երեկ տեղի ունեցած հավաքը նախընտրական շտաբի հավաք չէր կարող լինել, որովհետեւ «օրենքը թույլ չի տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG