Մատչելիության հղումներ

Գործով վկա, զորամասի խոհարար Արման Մնացականյանը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ:

Մեկուկես տարի առաջ բանակում մահացած պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ 30-ամյա լեյտենանտը ոչ թե ինքնասպան է եղել, այլ սպանվել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը ասաց` իրենց պնդումները, թե Նազարյանին սպանել են ու սպանությունը կատարվել է ոչ թե նրա դիակի հայտնաբերման վայրում, այլ զորամասի խոհանոցում, հաստատում է նաեւ այսօր դատարանում առանցքային վկայի ցուցմունք տալուց հրաժարվելու հանգամանքը:

«Եթե սպանությունը կատարվել է, ինչպես մենք ենք կարծում, ամառային խոհանոցում, ուրեմն մնացածը, դուք ինքներդ որոշեք: Մենք դա ասում ենք ոչ թե ենթադրաբար, այլ քանի որ այնտեղ կան արյան մեծ թվով հետքեր», -ասաց Մարտիրոսյանը:

Մինչդեռ արյան հետքերը, ըստ նախաքննության, դեպքից մի քանի օր առաջ Նազարյանի ու այս գործով մեղադրվող սպաների հետ ունեցած ծեծկռտուքից են մնացել: Նրանք, ինչպես նաեւ գործով մեղադրվող երեք զինվորները չեն ընդունում, որ լեյտենանտին ինքնասպանության են դրդել: Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների, քանի դեռ ամառային խոհանոցում տեղի ունեցածից լավատեղյակ զինվորը գտնվում է զինվորական ծառայության մեջ, կվախենա իրականությունը ասել: Զորամասի խոհարար 20-ամյա Արման Մնացականյանը ինչպես երեքշաբթի օրվա նիստին, այնպես էլ այսօր դատարանում հրաժարվեց ցուցմունք տալ: Նա նշեց, թե ոչինչ չի հիշում, դատարանին էլ առաջարկեց օգտվել իր նախաքննական ցուցմունքներից: Դատավոր Սամվել Մարդանյանի այն հարցին, թե ինքն իր ձեռքով է գրե՞լ նախաքննական ցուցմունքը, զինվորը բացասական պատասխան տվեց, նա մատնանշեց քննիչին:

«Կոնկրետ հիմա չեմ հիշում, հարգելի դատավոր, որ ասեմ, չեմ կարող: [Ցուցմունքը] քննիչն է գրել», - ասաց նա:

Դատավոր Մարդանյանը որոշեց ցուցմունք տալուց հրաժարվող զինվորին հարցաքննել հաջորդ դատական նիստին: Մյուս վկան վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանն էր: Նա դատարանում հայտարարեց, թե Նազարյանը թույլ սպա էր ու զինվորները նրան երբեմն չէին ենթարկվում: Ուդումյանը նաեւ նշեց, որ իր մատնանշած խնդրի լուծման ուղղությամբ, ըստ էության, ինքը միջոցներ չի ձեռնարկել: Տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանին միջնորդեց քրեական հետապնդում սկսել Ուդումյանի նկատմամբ` նրա ցուցաբերած անգործության համար:

«Այս վկայի անգործության մեջ հանցակազմ է առկա: Ես ուզում եմ միջնորդել դատարանին, որպեսզի դատարանն իր համապատասխան միջնորդությամբ հանդես գա դատախազության առաջ` սույն վկայի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու», - հայտարարեց Շուշանյանը:

Դատարանը որոշեց այս միջնորդությանը հետագայում անդրադառնալ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարտիրոսյանը պնդում է, թե վաշտի հրամանատարը մասնակից է Նազարյանի սպանությանը: Նա նկատի ունի Նազարյանի ծոցատետրը, որի գոյության մասին իմացել է վաշտի հրամանատարը: Դեպքից հետո վաշտի հրամանատար Ուդումյանը հրահանգել է ստուգել Նազարյանի գրպանները:

«Մենք կարծում ենք, որ նա փախել է դեպքից հետո, հետո հիշել է, որ իրեղեն ապացույց է թողել դեպքի վայրում` Արտակ Նազարյանի գրպանում, որովհետեւ Նազարյանը ամեն օր գրառում էր կատարում: Այդ օրագիրը իրենք, կարելի է ասել, ոչնչացրել են», - ասաց Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, ըստ մեղադրանքի, Տավուշի մարզի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված «Ղոզլու» կոչվող մարտական հենակետի ավագ Արտակ Նազարյանին ինքնասպանության են դրդել նրա հինգ ծառայակիցները: Նրանք իբր ստորացրել են Նազարյանին, նա էլ չդիմանալով դրան` հենակետից 5 մետր հեռավորության վրա գտնվող բլրի վրա իր իսկ զենքով վերջ է տվել կյանքին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG