Մատչելիության հղումներ

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը շարունակում է պնդել, որ «Արմֆուդ» ապրանքանիշի այծի կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ եւ ստաֆիլակոկի բակտերիաներ:

Բացի այդ, նոյեմբերի 4-ին սննդի անվտանգության պետական ծառայության աշխատակիցներն այցելել են «Արմֆուդի» արտադրամաս եւ հայտնաբերել մի շարք խախտումներ:

«Կաթի արտադրամասի տարածքը եղել է անբարեկարգ, բացի կաթից` մյուս ապրանքատեսակները չեն ունեցել համապատասխան սերտիֆիկատներ եւ տեխնիկական պայմաններ, ե՛ւ կաթը, ե՛ւ մյուս արտադրատեսակները չեն ունեցել տեխնիկական հրահանգներ, մուտքը անմիջապես դրսից էր` բացակայում էր նախամուտքը, ապահովված չէր տեխնիկական գործառույթների հոսքայնությունը, արտադրամասը չունի լաբորատորիա, կամ պայմանագիր որեւէ լաբորատորիայի հետ, աշխատակիցները չէին ենթարկվել բժշկական զննության եւ չունեն անձնական սանիտարական գրքույկներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Պիպոյանը:

Հայտնաբերված խախտումների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում նոյեմբերի 9-ին որոշում է կայացվել տնտեսական գործունեությունը արգելելու մասին, իսկ «Արմֆուդ» ընկերությանը հանձնարարական է տրվել հայտնաբերված թերությունները վերացնելու մասին:

«Արմֆուդ» ընկերության սեփականատեր Բորիս Սողոմոնյանը, ընդունելով, որ իր արտադրամասում ստուգումների արդյունքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել, այդուհանդերձ պնդում է, որ կաթի պարունակության մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէների եւ ստաֆիլակոկի բակտերիաների հայտնաբերման մասին լուրերը շինծու են:

«Ուրեմն, մեկ շիշը տանում եմ իրենց մոտ [սննդի անվտանգության պետական ծառայություն], մեկ շիշը տանում եմ Ավանում առողջապահության նախարարության լաբորատորիա: Առողջապահության լաբորատորիան տալիս է` լրիվ մաքուր, իրենք էլի ցուպիկներ են ցույց տալիս մեջը», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց գործարարը: - «Նորից 1 լիտր կաթը պաստերիզացնում եմ, լցնում եմ 3 հատ փոքր շշի մեջ` իդեալական մաքուր վիճակում, ու տանում տալիս եմ երկու շիշը իրենց` սննդի անվտանգության լաբորատորիա: Իրենք մտածում են, որ դա երկու տարբեր կաթեր են, մեկը մաքուր են գրում, մեկի մեջ էլի ցուպիկներ են հայտնաբերում»:

«Արմֆուդի» սեփականատերը համոզված է, որ իր արտադրած կաթը մաքուր է եւ որ խնդիրն այլ տեղ է` «այստեղ շահերի համընկում է եղել», լրացել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանի նշանակման 100 օրը, եւ նա ցանկանում է «շոու կազմակերպել» եւ ցույց տալ, որ գործ է արել:

Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը հայտարարում է, որ իրենք չեն պատրաստվում իրենց գործողություններով խոչընդոտել փոքր եւ միջին բիզնեսին. - «Ծառայությունը տրամադրվածություն «Արմֆուդ» ընկերության, կամ սեփականատիրոջ նկատմամբ չունի: Այսօր էլ ցանկանում ենք օգնել, աջակցել ու երաշխավորում ենք` որ օրը, որ նույն արտադրամասը կհամապատասխանի սանիտարական պայմաններին, մենք ինքներս դրա մասին կբարձրաձայնենք ու կնպաստենք հեղինակության վերականգնմանը»:

«Արմֆուդ» ընկերության սեփականատիրոջ խոսքով, սակայն, ընկերությանը խոշոր չափեի վնաս է հասցվել: Բորիս Սողոմոնյանը պատրաստվում է դիմել դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG