Մատչելիության հղումներ

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով` դեկտեմբեր, հունվար, փետրվար եւ նույնիսկ մարտ ամիսներին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-3 աստիճանով:

Այս տարի ձմեռն ավելի ցուրտ կլինի անցած երկու տարիների համեմատ: «Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով` դեկտեմբեր, հունվար, փետրվար եւ նույնիսկ մարտ ամիսներին օդի ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-3 աստիճանով:

Նշենք, որ դեկտեմբերին մայրաքաղաքում միջին ամսական ջերմաստիճանը սովորաբար +5 է, հունվարին` -3-ից -5, փետրվարին` -2 աստիճան: «Հայպետհիդրոմետ»-ի Օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը նշում է, որ ամենացուրտ եղանակը գրանցվի հունվարին` միջինը -6-ից -8 աստիճան:

Զարուհի Պետրոսյանն նշում է, որ առանձին տարիներին հովտային շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարին նույնիսկ հասել է -29-ից -30 աստիճանի, եւ այս հունվարին եւս չի բացառվում նման ջերմաստիճանի գրանցումը:

Անդրադառնալով դեկտեմբերին մայրաքաղաքում սպասվող տեղումներին` Պետրոսյանը ասաց. - «Կայուն ձնածածկ Արարատյան դաշտում, մայրաքաղաքում դեռեւս չկա եւ չի էլ սպասվում: Կայուն ձնածածկ Արարատյան դաշտում հաստատվում է միայն դեկտեմբերի 3-րդ տասնօրյակում: Հուսանք, որ այս տարին էլ բացառություն չի լինի»:

Խոսելով դեկտեմբերին սպասվող ջերմաստիճանից` Օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց, որ նվազագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում կտատանվի -4-ից -6 աստիճանի սահմաններում, առավելագույն ջերմաստիճանը կլինի +3:

«Ամսի 4-ից հետո սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում, եւ արդեն ամսի 5-ին, 6-ին մայրաքաղաքում առավելագույն ջերմաստիճանն ակնկալվում է մինչեւ 7 աստիճան տաքության սահմաններում: Նվազագույն ջերմաստիճանն այդ օրերին կլինի 3-4 աստիճան ցրտի սահմաններում, բնականաբար, տաքը կներթափանցի նաեւ հանրապետության մնացած շրջաններ եւ արեւելյան շրջաններում առավելագույն ջերմաստիճանը կարող է լինել Տավուշում` 9-ից 12 աստիճան տաքության, իսկ Սյունիքի հովիտներում` 5-10 աստիճան տաքություն, նվազագույն ջերմաստիճանը այդ օրերին կարող է լինել դրական», - ասաց Պետրոսյանը:

Պետրոսյանի խոսքով` այս տարվա ցուրտ ձմեռը գյուղատնտեսության համար վտանգ չի ներկայացնում: Նրա խոսքով` մտահոգվելու կարիք կա տաք ձմեռներին. մշակաբույսերը վաղ են արթնանում, իսկ մարտին ու ապրիլին սառը ցիկլոնների ներխուժումը չի բացառվում եւ այս դեպքում ցրտահարությունների հավանականությունը մեծանում է:

XS
SM
MD
LG