Մատչելիության հղումներ

Երեւանի թիվ 20 դպրոցի աշակերտները հոլովակ են պատրաստել երեխաների զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակման մասին:

Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի աշակերտները հոլովակ են պատրաստել` կապված երեխաների զարգացման վրա բացասական ազդեցություն ունեցող եւ անորակ հաղորդումների հեռարձակման հետ:

Այս աշակերտները ներգրավված են «Տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության» ծրագրի շրջանակներում հիմնված «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ գործող խմբում:

«Նպատակն է երեխաների մոտ զարգացնել այնպիսի հմտություններ եւ ունակություններ, որպեսզի կարողանան որոշումների ընդունմանը մասնակից դառնալ: Դա կարող է լինել դպրոցում, տանը, համայնքում, եւ, ինչու չէ, երկրի մակարդակով: Հիմնական գործողությունը դպրոցների հետ աշխատանքն է, ստեղծվում է այն միջավայրը, որտեղ մեծանում է ապագա պատասխանատու քաղաքացին», - չորեքշաբթի կայացած ասուլիսում մանրամասնեց ծրագրի ղեկավար Աիդա Գեւորգյանը:

Այս ծրագրում ներգրավված են 20 դպրոցներ, որոնցից 10-ը` Երեւանում, 10-ը `մարզերում, խմբերը 80-ն են, յուրաքանչյուր խումբ կազմված է 25-30 երեխաներից, տարիքային սահմանափակումը 14-18 տարեկանն է: «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ ծրագրի շրջանակներում ստեղծվում է մի միջավայր, որտեղ երեխաներն իրենք են որոշումներ ընդունում, նաեւ ձեռք են բերում խնդիրները բարձրաձայնելու հմտություն:

Մարգարիտա ու Հակոբ Պարսամյանների խմբի երեխաների մտահոգությունը կապված է հեռուստատեսության հետ: Ըստ Երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 17-րդ հոդվածի` յուրաքանչյուր երեխա տեղեկատվության մատչելիության իրավունք ունի: Հոդվածում ասվում է, որ պետությունը պետք է խրախուսի զանգվածային լրատվամիջոցներին տարածելու երեխաների հոգեւոր եւ մշակութային զարգացմանը նպաստող նյութեր եւ արգելի երեխային վնաս պատճառող տեղեկատվությունը: Երեխաների անցկացրած հարցման 100-ից ավելի մասնակիցների կարծիքով` հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալներն ու հաղորդումները բավական ուսուցանող են, ինչը, սակայն, հակասում է երեխաների հիմնական կարծիքին:

Այս երեխաների նկարահանած գովազդում արծարծվում է այն խնդիրը, որ դպրոցականները դասերից հետո ցերեկային ժամերին չեն գտնում իրենց համար օգտակար հաղորդումներ, ինչպես նաեւ փոքր հասակի երեխաները կիրառում են սերիալում տեղ գտած բռնությունն իրական կյանքում:

«Փոքր աղջիկը կիրառում է այդ բռնությունը իր տիկնիկի վրա, իսկ փոքր տղան` իր քրոջ: Գովազդի սցենարը մտածել ենք խմբի երեխաներով, գովազդում շեշտվում է այն, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պաշտպանված լինել իրեն վնաս պատճառող տեղեկատվությունից», - ասում է աշակերտներից Հակոբը:

XS
SM
MD
LG