Մատչելիության հղումներ

Հայաստանում աղքատների թիվն ավելացել է 270 հազարով


Երեկ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում 2010 թվականին աղքատ է եղել 1 միլիոն 200 հազար մարդ, կամ բնակչության 35.8 տոկոսը:

Ըստ այդմ, 2010 թվականին 2008-ի համեմատ` երկու տարվա ընթացքում, Հայաստանում աղքատների թիվը ավելացել է 270 հազարով:

«Այս թվերը միայն մի բանի մասին են վկայում, որ իշխանությունների վարած սոցիալ- տնտեսական քաղաքականությունը ամբողջովին սխալ ուղղությամբ է ընթացել», - այսօր «Ազատություն» ռադիոկայանի hետ զրույցում մեկնաբանելով Ազգային վիճակագրական ծառայության նշված հրապարակումը` ասաց խորհրդարանի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը: - «Ես չէի առանձնացնի միայն կառավարությանը: Ե՛վ օրենսդիր մարմինը, ե՛ւ գործադիր մարմինը, ե՛ւ մնացած այլ կառույցները միասին, փոխհամաձայնեցված աշխատանքի արդյունքում, երկրում հարստությունը բաժանել են ընդամենը մի քանի հոգու մեջ եւ ազգային հարստությունից օգտվում են ընդամենը մի քանի ընտանիքներ, իսկ բնակչության մեծամասնությունը այսպիսի իրավիճակում է հայտնվել»:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2010թ. Հայաստանում աղքատ է համարվել այն մարդը, ում եկամուտները ամսական քիչ են եղել 33.5 հազար դրամից:

Արմեն Մարտիրոսյանը հարց բարձրացրեց` արդյոք 35 հազար կամ, ասենք, 45 հազար դրամ եկամուտ ունեցողը աղքատ չէ՞:

«Երբ որ կենսապահովման նվազագույն զամբյուղը արդեն 65 հազարի շրջանակում է, ընդ որում մեր կենսապահովման նվազագույն զամբյուղն էլ աղքատի կենսապահովման զամբյուղ է: Ուստի եւ 33.5 հազար ստացողը ընդամենը ծայրահեղ աղքատի շարքին պետք է դասվի, եւ ոչ թե աղքատի», - եզրակացրեց ընդդիմադիր պատգամավորը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը նշված ցուցանիշները առաջին հերթին պայմանավորեց միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներով:

«Այնպիսի զարգացած երկրները, ինչպիսին են Միացյալ Նահանգները, Եվրամիության անդամ երկրները եւս իրենց վրա զգացին դրա անբարենպաստ հետեւանքները», - հիշեցրեց Գագիկ Մինասյանը` կարծիք հայտնելով, որ աղքատության կրճատմանն ուղղված կառավարության քայլերը ցույց են տալիս, որ «մենք ճիշտ ճանապարհի վրա ենք»: Նա հավելեց. - «Բայց ունենք չափազանց մեծ ծավալի աշխատանք, որպեսզի հասնենք այն նպատակներին, որը թույլ կտա ասել, որ այդ խնդիրը Հայաստանում լուծված է»:

Մինչդեռ, նույն հանձնաժողովի փոխնախագահ, դաշնակցական Արծվիկ Մինասյանը համաձայն չէր ներկայացվածին: Ըստ նրա, հրապարակված թվերը նշանակում են, որ կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը աղքատությունը ծնող եւ ընդլայնող քաղաքականություն է:

«Այն, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն թողել է, բոլորս էլ ընդունում ենք: Սակայն կառավարությունը, կարծում եմ, վկայակոչելով ճգնաժամը փորձում է արդարացնել իր անգործությունը եւ ոչ համարժեք վարքագիծը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG