Մատչելիության հղումներ

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի հետագա պաշտոնավարումը` հարցականի տակ


Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզա
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզա
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը անդրադառնում է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզային այդ պաշտոնում Սենատի կողմից հաստատելու խնդրին։

«Թուրան»-ի Վաշինգտոնի թղթակիցը հաղորդում է, որ Սենատում այդ հարցի քննարկման ժամկետների մոտենալուն զուգընթաց` Ամերիկայի հայկական կազմակերպությունները ավելի են ակտիվանում` կանխելու համար Բրայզայի հաստատումը Սենատի կողմից։

Անցյալ տարի Սենատը չհաստատեց նախագահ Բարաք Օբամայի կողմից ներկայացված չորս դեսպանների թեկնածությունը։ Շրջանցելով Սենատը` Միացյալ Նահանգների նախագահը տարեվերջին նրանց, այդ թվում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային, դեսպաններ նշանակեց իր հրամանագրով, սակայն նման ճանապարհով նշանակումները ժամանակավոր բնույթ են կրում` մեկ տարի անց նրանք, այնուամենայնիվ, պետք է հաստատվեն Սենատում։

«Թուրան»-ը նշում է, որ չհաստատված չորս դեսպաններից երեքի հարցը մտել է Սենատ, հավանություն ստացել, բայց Բրայզայի մասին մոռացել են; Պատճառն այն է, որ սենատոր Ռոբերտ Մենենդեսը այդպես էլ չի հանել իր վետոն, որի հետեւանքով էլ անցյալ տարի Բրայզայի թեկնածությունը Սենատում չէր հաստատվել։

«Թուրան»-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտում իր աղբյուրը, հաղորդում է, թե Օբամայի վարչակազմը շահագրգռված է, որ Բրայզան Ադրբեջանում շարունակի դեսպանի գործունեությունը, եւ նրան հաստատելու նպատակով ակտիվորեն աշխատում է Սենատի հետ։

«Դեսպան Բրայզան անցած 11 ամիսների ընթացքում մեծ արդյունքների է հասել Ադրբեջանում ամերիկյան շահերը պաշտպանելու, երկկողմ հարաբերությունները ամրապնդելու եւ զարգացնելու գործում», - ըստ «Թուրան»-ի` ասել է Պետդեպարտամենտի իր աղբյուրը, միաժամանակ, շարունակելով. - «Վարչակազմը, սակայն, չի կարող միջամտել Սենատի աշխատանքներին։ Դեսպաններին հաստատելը եւ լսումներ կազմակերպելը միմիայն սենատորների իրավասությունն է»։

Ադրբեջանական գործակալությունը հավելում է, որ ըստ փորձագետների` եթե մինչեւ դեկտեմբերի վերջը Բրայզայի թեկնածությունը հաստատելու հարցը Սենատ չմտնի, ապա դեսպանի պաշտոնում նրա գործունեության շարունակելը շատ կբարդանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG