Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Հարավային Օսիայում


Ալլա Ջիոեւան ելույթ է ունենում իր կողմնակիցների հանրահավաքին, Ցխինվալ, 29-ը նոյեմբերի, 2011թ.
Ալլա Ջիոեւան ելույթ է ունենում իր կողմնակիցների հանրահավաքին, Ցխինվալ, 29-ը նոյեմբերի, 2011թ.
Հարավային Օսիայում իրավիճակը գնալով ավելի է սրվում: Հանրապետության Գերագույն դատարանի կողմից երեքշաբթի օրը կայացված վճիռը, որի համաձայն` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները չեղյալ են հայտարարվում, իսկ հաղթող հռչակված թեկնածու Ալլա Ջիոեւան զրկվում է նոր ընտրություններին մասնակցելու իրավունքից, դժգոհության լուրջ ալիք է բարձրացրել:

Գերագույն դատարանը պնդում է, թե Ջիոեւայի կողմնակիցները խախտել են ինքնահռչակ հանրապետության Ընտրական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներ, ինչի արդյունքում «հնարավոր չէ պարզել քվեարկության իրական պատկերը»:

Սրան ի պատասխան` երեքշաբթի օրը Ցխինվալի կենտրոնում մեծ հանրահավաք էր կազմակերպվել, որի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել Գերագույն դատարանի վճիռն ու վերահաստատել Ջիոեւայի հաղթանակը:

Ինքը հաղթած թեկնածուն «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում նշել է. - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր 15 անդամները ստորագրել են ամփոփիչ արձանագրությունը, որով ես հաղթող եմ ճանաչվում: Նման պայմաններում Գերագույն դատարանի նախագահի գործողությունները ես որակում եմ որպես հակաիրավական ու հակասահմանադրական»։

Ջիոեւան հավելել է, թե իր ձեռքի տակ են նաեւ հանրապետության տարածքում ստեղծված բոլոր 85 ընտրատեղամասային հանձնաժողովների կազմած արձանագրությունները, որոնք եւս վկայում են իր համոզիչ հաղթանակի մասին:

Ընտրություններում պարտված, բայց դատարանում հաղթանակի հասած իշխանամետ թեկնածուն` Անատոլի Բիբիլովը կոչ է անում հանդարտություն պահպանել եւ ենթարկվել Գերագույն դատարանի վճռին:

«Իրավիճակը հանրապետություն սրվում է, սակայն այդ լարման ետեւում մեր շտաբը չէ, որ կանգնած է: Կոչ եմ անում բոլորին` որեւէ հակաօրինական գործողության չդիմել», - հայտարարել է Բիբիլովը:

Իսկ տեղացի անկախ լրագրողների եւ հարավօսական իրողություններին քաջածանոթ մոսկվացի փորձագետների կարծիքով` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելն իրականում ձեռնտու էր միայն մի գործչի` պաշտոնից հեռացող նախագահ Էդուարդ Կոկոյտիին: Նա կշարունակի ղեկավարել Հարավային Օսիան մինչեւ նոր ընտրությունները, որոնք, տեղական խորհրդարանի որոշման համաձայն, կայանալու են եկող տարվա մարտի 25 ին:

Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների` նոյեմբերի 27-ին անցկացված երկրորդ փուլում Ալլա Ջիոեւան ստացել է քվեների մոտ 60, իսկ Անատոլի Բիբիլովը` 40 տոկոսը։ Վերջինս, սակայն, բողոք էր ներկայացրել Գերագույն դատարան, որն էլ երեքշաբթի օրը բավարարել է այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG